Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱ. ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Հայոց աշխարհ» թերթի խմբագիր

Գագիկ Մկրտչյանին

Հարգելի՛ պարոն խմբագիր,

Միջպետական հարաբերություններում առկա խնդիրները կարելի է լուծել չորս ճանապարհով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և իրավական կամ դրանց համադրմամբ: Իրատեսական մոտեցման դեպքում ակնհայտ է, որ նշածս առաջին երեք ոլորտներում մենք ավելի թույլ ենք և մշտապես ավելի թույլ ենք լինելու, քան Թուրքիան: Միակ ոլորտը, որտեղ մենք ոչ միայն չենք զիջում, այլև Թուրքիայի նկատմամբ էական առավելություն ունենք, միջազգային իրավունքն է:

«Հայոց աշխարհ» օրաթերթի սեպտեմբերի 19-ի համարի առաջին էջի լուսանկարի տակ կա հետևյալ պնդումը. «Արձանագրությունների վավերացումը չէ, որ պետք է խանգարի տեր կանգնելու մեր հողերին»: Սա Վազգեն Մանուկյանի պնդումն է և, քանի որ այն ակնառու զետեղված է առաջին էջում, նաև՝ Ձերը:

Թո՛ւյլ տվեք չհամաձայնել ձեզ հետ: Արձանագրությունների ստորագրումը, առավել ևս վավերացումը հետագայում էապես խանգարելու են մեզ «տեր կանգնելու մեր հողերին»: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ կետն ամրագրում է «գոյություն ունեցող սահմանի» ճանաչման փոխադարձ պարտավորություն: Սա նշանակում է ոչ միայն հրաժարում հայոց հողային պահանջներից, այլև երբևէ պահանջելու իրավունքից:

Միջազգային իրավունքի մեջ գոյություն ունի էստոպելի (estoppel) սկզբունքը: Այսինքն, երբ կողմերից մեկն իր անգործությամբ (ինչպես եղել է նախորդ տարիներին) կամ գործողությամբ (ինչպես ուզում են անել ս.թ. հոկտեմբերի 13-ին) հստակ հասկացնում է, որ հաշտվել է ստեղծված իրավիճակին կամ համարում է հարցը լուծված, ապա նա զրկվում է հետագայում նույն հարցը վերաբացելու հիմքերից և իրավունքից: Արձանագրությունների ստորագրումը մեզ կզրկի ապագայում մեր իրավունքները վկայակոչելուց:

Քաղաքական զարգացումներն անկանխատեսելի են: Թող որևէ մեկն այսօր չհավակնի քաղաքական պայծառատես գուրու լինել: Երբ 1989թ. գարնանը ՆԱՏՈ-ի ամենաբարձր ուսումնական հաս-