Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԳ. Հայաստանն ու Թուրքիան

իրավասու չեն «հաստատելու» սահմանը

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ կետով կողմերը ստանձնում են գոյություն ունեցող սահմանն հաստատելու պարտավորություն:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է անդրադառնալ մի հույժ կարևոր, թեև առաջին հայացքից տարօրինակ, հարցի.

– Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքիայի Հանրապետությունը, միջազգային իրավունքի տեսանկյունից, իրավասու են «հաստատել գոյություն ունեցող սահմանը»:

Հստակեցնեմ հարցադրման էությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից ցանկացած միջազգային բազմակողմ պայմանավորվածություն, անկախ նրա դրսևորման ձևից՝ պայմանագիր, համաձայնագիր, արձանագրություն և այլն, կարող է փոփոխության ենթարկվել, դադարեցվել կամ չեղյալ հայտարարվել միմիայն տվյալ փաստաթղթին մաս կազմող բոլոր կողմերի մասնակցությամբ և համաձայնությամբ: Այս սկզբունքը՝ պայմանագրերի մասով, ամրագրված է Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի (1969թ.) 39-41 հոդվածներում:

Նախկին ԽՍՀՄ սահմանի հայաստանյան հատվածի «հաստատումը»՝ որպես Հայաստանի և Թուրքիայի սահման, իրավական տեսանկյունից նշանակում է սահմանի փոփոխություն, քանի որ Հայաստան-Թուրքիա de jure սահմանը էապես տարբերվում է սովետաթուրքական սահմանից: Նշյալ իրավական (de jure), այսու՝ միակ օրինական սահմանը «հաստատվել է» բազմակողմ փաստաթղթով, հետևաբար, «գոյություն ունեցող սահմանի հաստատումը» ըստ էության սահմանի փոփոխություն է նշանակում և տվյալ դեպքում դուրս է երկկողմ հարաբերությունների շրջանակից վերոնշյալ պատճառով:

1918թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրությունը, առաջին աշխարհամարտում ջախջախիչ պարտություն կրելուց հետո, ստորագրում է Մուդրոսի զինադադարը: Իրավական տեսանկյունից այս զինադադարը անվերապահ կապիտուլյացիա էր, հետևաբար Թուրքիայի ողջ ինքնիշխանությունը (sovereignty), մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, փոխանցվում է հաղթանակած ուժերին: Այ-