Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սինքն՝ այդուհետ հաղթանակած Դաշնակից ուժերին էր վերապահված որոշելու, թե Օսմանյան կայսրության որ մասում և ինչ աստիճանի է վերականգնվելու թուրքական պետության ինքնիշխանությունը:

1919-1920թթ. խաղաղության պայմանագրերի պայմանները քննարկելու համար Փարիզում գումարվում է խաղաղության վեհաժողովը: 1920թ. ապրիլին Փարիզի խաղաղության վեհաժողովի Սան Ռեմոյի նիստն անդրադառնում է Օսմանյան կայսրության ճակատագրին: Բնականաբար, կարևորագույն հարցերից մեկը Հայաստանի ապագայի հարցն էր: Ուստի, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ իրավարար վճռով որոշելու Հայաստանի Հանրապետության սահմանը (to arbitrate the frontiers of Armenia):

Վերջին պարբերության մեջ առկա է 2 հանգամանք, որոնք արժանի են լրացուցիչ պարզաբանման:

ա) Փարիզի վեհաժողովի Գերագույն խորհուրդը լիազորված էր և գործում էր Դաշնակից բոլոր ուժերի անունից: Այսինքն՝ իրավարարությամբ Հայաստանի սահմանը որոշելու հայցադիմումը (compromis), հետևաբար և դրա հիման վրա կայացվելիք վճռի անվերապահ ընդունման պարտավորությունն արված էր բոլոր Դաշնակից ուժերի անունից: Առաջին աշխարհամարտի տարիներին Դաշնակից ուժերի (Allied Powers) մեջ ուղղակիորեն ընդգրկված էին ավելի քան երեք տասնյակ երկրներ, իսկ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի երրորդ հանրապետության, Ճապոնիայի և Իտալիայի թագավորությունների կախյալ տարածքներով (dependent territories) հանդերձ՝ գրեթե հարյուր (100) երկիր:

բ) ՀՀ սահմանը, ի տարբերություն Թուրքիայի մյուս սահմանների, որոշվելու էր ոչ թե խաղաղության պայմանագրով, այլ իրավարարությամբ (arbitration): Իրավական տեսանկյունից սա խիստ կարևոր առանձնահատկություն է, քանի որ պայմանագրերը միշտ էլ կարող են կողմերի համաձայնությամբ փոփոխվել, կասեցվել, չեղյալ հայտարարվել, իսկ իրավարար վճիռներնը «վերջնական և անբեկանելի» են (final and without appeal), ինչպես նաև կայացման պահից կատարման համար «պարտադիր» են (binding): Այսինքն՝ իրավարարությունը, ի տարբերություն պայմանագրի, ենթակա չէ վերանայման: Բացի այդ, իրավարարությունը և պայմանագիրն ունեն հակառակ ընթացակարգեր: Եթե պայմանագրի դեպքում նախ