Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համաձայնությունն է ձեռք բերվում, հետո միայն այն ստանում է համապատասխան իրավական ձևակերպում, ապա իրավարարության դեպքում նախ ստորագրվում է ապագա համաձայնությունն անվերապահ ընդունելու հայցադիմումը (compromis), հետո նոր միայն կայացվում է վճիռը (award):

Այսու, ի հետևանք վերոհիշյալ ապրիլի 26-ի հայցադիմումի, 1920թ. մայիսի 17-ին Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը պաշտոնական գրությամբ ստանձնում է հայ-թուրքական սահմանի իրավարարությունը և ձեռնամուխ է լինում համապատասխան աշխատանքներին: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ սա Սևրի պայմանագրի ստորագրումից (10.08.1920թ.) գրեթե 3 ամիս առաջ էր, ըստ այդմ, իրավարարության գործընթացը սկսվել է խաղաղության պայմանագրի ստորագրումից և նրա մեջ որպես 89-րդ հոդված ներառված հայցադիմումից, անկախաբար:

Ամփոփելով՝ կարելի է անել հետևյալ հստակ եզրակացությունները.

  1. Թուրքիայի հետ ՀՀ սահմանը որոշվել է երկու՝ իրարից անկախ հայցադիմումների (Սան Ռեմո՝ 26.04.1920թ. և Սևր՝ 10.08.1920թ.) հիման վրա կայացված իրավարար վճռով:
  2. Վճիռն օրինապես կայացվել է 1920թ. նոյեմբերի 22-ին և ուժի մեջ է մտել նույն օրը: Երկու օր հետո՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվել է Փարիզ:
  3. Վճիռը երբեք չի բողոքարկվել, այն ուժի մեջ է առ այսօր:
  4. Վճիռն իրավական է և օրինական (legal and lawful):
  5. Այն գործում է Սևրի պայմանագրից անկախաբար:
  6. Սևրի պայմանագրի մեջ ներառված հայցադիմումը՝ հոդված 89 եղել և մնում է հավելյալ, բայց ոչ հիմնական հայցադիմումը:

Այսու, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը հաստատվել է միջազգային իրավունքի բազմակողմ փաստաթղթով (multilateral instrument of international law)՝ Իրավարար վճռով (Arbitral Award), որին այսօր կողմ է հանդես գալիս գրեթե հարյուր երկիր:

Այժմ վերադառնանք բուն հարցին.

– Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության իշխանությունները միջազգային իրավունքի ո՞ր հիմնավորմամբ են ուզում անտեսել իրենց իսկ միջազգային պարտավորությունները և երկկողմ արձանագրությամբ բեկանել բազմակողմ միջազգային անբեկանելի որոշումը՝ Իրավարար վճիռը: