ձևական բնույթ և չի լուծի պետականության հիմնական խնդիրները, այդ թվում.
– պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում,
– երկրի տնտեսական զարգացման և քաղաքացիների բարեկեցության
համար նպաստավոր պայմանների ստեղծում,
– նախորդ երկուսի հենքի վրա՝ այսինքն ապահով և բարեկեցիկ
երկրում, ազգային ինքնության և մշակույթի զարգացում:
Ընդսմին, Հայկական հարցի լուծումը կենսական կարևորություն ունի ոչ միայն հայոց պետականության համար, այլև սեփական հայրենիքում որպես հավաքական հանրություն ապրելու հայ ժողովրդի ընդհանրական իրավունքի կենսագործման համար:
Հայկական հարցի լուծումն ունի միայն մեկ ուղի. դա խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով, հետևողական և տևական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին է: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է և դեռ զիջելու է Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև նրանց քաղաքական հոլովույթի մեջ աքցանված Վրաստանի ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:
Այսինքն՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և նրա իրավունքները ոտնահարած երկրների միջև եղած հարաբերությունները տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձևակերպումներ և լուծումներ:
Որպես միջազգային հարց և քաղաքական խնդիր՝ Հայկական հարցն ունեցել է մի քանի փուլ: Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց, այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի:
Ներկա փուլում Հայկական հարցը միջազգային իրավունքով արդի ՀՀ-ին հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է: