Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԶ. Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի

և հարակից հարցերի շուրջ

Օրերս զարմանքով կարդացի հետևյալ լրատվությունը. «Խոսելով Վուդրո Վիլսոնի որոշման մասին՝ Անդրանիկ Միհրանյանը նկատել է, որ այդ որոշումն իրավական ուժ չունի, և ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչել Վիլսոնի կողմից նշագրված Հայաստանի սահմանները»: Եթե լրատվական գործակալությունները ճիշտ են փոխանցել հարգարժան պրոֆեսորի խոսքերը, ուրեմն նա մոլորության մեջ է: Պրն. Միհրանյանն ակնհայտորեն շփոթել է ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն երկու տարբեր՝ Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցերը, հետևաբար, հանգել է սխալ եզրակացության: Հաշվի առնելով հարցի այժմեականությունը՝ նպատակահարմար եմ գտնում համառոտակի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին:

Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցը

Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ՝ 24-27 ապրիլի, 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը: Ըստ այդմ՝ Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում հղեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին երկու իրարից անկախ խնդրանքով, որ.

ա) Միացյալ Նահանգները ստանձնեն Հայաստանի մանդատը (the United States to assume a mandate for Armenia),

բ) ԱՄՆ նախագահը իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia):

Նշյալ հարցերն էապես տարբեր հարցեր էին, հետևաբար ունեին տարբեր հասցեատերեր և տարբեր իրավասությունների շրջանակներում էին:

Առաջին. մանդատի հարցով Փարիզի վեհաժողովը դիմում էր ԱՄՆ-ին՝ որպես պետության: Նման խնդրանքի իրավական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրության (Covenant) 22-րդ հոդվածն էր, համաձայն որի Ազգերի լիգայի անդամ-պետությունները կարող էին Ազգերի լիգայի անունից իրականացնել խնամակալություն (tutelage): Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով