Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստանձնելիք պարտավորությանը, ուստի Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ԱՄՆ սահմանադրության, պիտի ստանար ԱՄՆ սենատի «խորհուրդն ու համաձայնությունը»: Այսու, ԱՄՆ Սենատը, ոչ թե Կոնգրեսը, 1920թ. մայիսի 24-ից հունիսի 1-ը քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քվեարկությամբ մերժեց այն: Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ Ազգերի լիգայի անդամ չէր, հետևաբար բացակայում էր այդ կազմակերպության անունից որևէ գործողություն կատարելու իրավական հիմքը:

Երկրորդ. Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրավարարությամբ որոշելու հարցը, Սենատի լիազորությունների շրջանակում չէր, ուստի ԱՄՆ օրենսդիր մարմինը չէր կարող և երբևէ չի անդրադարձել այդ հարցին: Միջպետական իրավարարությունը (international arbitration) միջազգային իրավունքի հարց է և կառավարվում է բացառապես միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, դեռևս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց 1 շաբաթ առաջ՝ 1920թ. մայիսի 17-ին, հայցադիմումի 2-րդ կետին Վիլսոնը տվել է դրական պատասխան և ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը:

Հարցի հետագա ընթացքն համեմատաբար ավելի հայտնի է: Սան Ռեմոյի (26.04.1920թ.), ինչպես նաև Սևրի (10.08.1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն, ըստ պայմանավորվածության, ուժի մեջ է մտնում անմիջապես և առանց նախապայմանների: Երկու օր անց՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ ՀՀ-ն, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակի հարցը

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ, եթե իրականացվել է առանց ընթացակարգային խախտումների, ոչ միայն վերացականորեն «իրավական ուժ» ունի, այլև անվեհապահորեն պարտադիր է կատարման համար (binding document): Ավելին, իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal): «Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և