Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):

Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի՝ Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes)՝ 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում:

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Իրավարար վճիռը՝

ա) ինքնին պարտադիր և անբեկանելի վճիռ է,

բ) կարիք չունի ներպետական որևէ վավերացման կամ հավանության:

Ըստ այդմ, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման:

Անդրադառնանք մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ որևէ դիրքորոշում արտահայտե՞լ են նախագահ Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:

Գործադիր իշխանության դիրքորոշումը

ԱՄՆ բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land): Նախագահ Վուդրո Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրություններով և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի՝ իրավարարի անձնական ստորագրությունը և կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար են Իրավարար վճռի վավերականության համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաև իր՝ նախագահական կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզ և նախագահական պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով և ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն է: