Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԹ. Խորհրդանշական ամսաթվերը

դիվանագիտության մեջ

Խորհրդանիշները միշտ էլ կարևոր դեր են ունեցել մարդկության կյանքի տարբեր ոլորտներում: Ի վերջո, Արարատ լեռը մեզ համար միայն մի քանի միլիոն տոննա սառույց, քար ու փոշի չէ: Խորհրդանիշները, ինչպես նաև հատուկ խորհուրդ ունեցող ամսաթվերը, գրեթե սրբագործված են ազգային հոգեբանության մեջ:

2002թ. հոկտեմբերի 29-ին Օտտավայում՝ Կանադայի ազգային պատկերասրահի դահլիճում, տեղի էր ունենում մեզ համար կարևոր մի իրադարձություն: Այդ օրը Կանադայի Ժառանգության նախարար (Մշակույթի նախարարի մեր համարժեքը) տկն. Շիլա Քոփսի և ՀՀ դեսպանի համատեղ հրավերով Օտտավայում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագետները հավաքվել էին՝ դիտելու «Արարատ» ֆիլմը: Օրվա հերոսներն էին ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանը, գլխավոր դերակատարներից՝ Արսինե Խանջյանը և իհարկե ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Լանթոշը:

Մթնոլորտում մի յուրատեսակ, անըմբռնելի բան կար, որովհետև այդ օրը պարզապես օրացուցային հերթական օր չէր, այդ օրը Թուրքիայի Հանրապետության օրն էր: Հրավիրյալներն «Արարատ» ֆիլմի ցուցադրմանն էին ժամանում Թուրքիայի դեսպանության պաշտոնական ընդունելությունից հետո: Ֆիլմի ավարտից հետո, տեսածից ցնցված ու իրենց անտեղյակությունից զարմացած, մի քանի դեսպան երբ ինձ մոտեցան և հարցրին. – Արդյոք հոկտեմբերի 29-ի օրը հատո՞ւկ էր ընտրված, որպեսզի հակադրության վրա զգացողություններն ավելի սուր լինեն, – ես պատասխանեցի. – Իհարկե ոչ, – և մենք բոլորս լայն ժպտացինք:

Այնպես որ, եթե այսօր մեկն ինձ հարցնի. – Արդյո՞ք չարամիտ դիտավորություն չէ կամ մեր վերքի վրա աղ ցանելու թուրքական ցանկություն, երբ մեր իրավունքներն ուրանալու արձանագրությունները մեզ ստորագրել են տալիս Կարսի պայմանագրի ստորագրման նախօրյակին, – ապա ես կպատասխանեմ. – Իհարկե՝ ոչ:

Արա Պապյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում, 2000-2006թթ.

28 սեպտեմբերի, 2009թ.