Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սենատը, որի իրավասությունների շրջանակում է միջազգային պայմանագրերի վավերացումը, մերժել է վավերացնել ամերիկա-թուրքական պայմանագիրը (Լոզան, 6 օգոստոսի, 1923թ.), հետևաբար ճանաչել ներկայիս Թուրքիայի հանրապետությունը: Ըստ այդմ, ամերիկա-թուրքական հարաբերությունները մնացել են առկախ վիճակում: Պայմանագիրը մերժելու համար եղել է 3 պատճառ, և դրանցից առաջինը եղել է ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների չկատարումը. “failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia”: Հետագայում ԱՄՆ պետքարտուղարությունն այլևս փորձ չի արել Սենատում վավերացնել ամերիկա-թուրքական պայմանագիրը: Այն Սենատում մնացել է ևս 7 տարի՝ մինչև 1934թ. հունվարի 16-ը, երբ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի խնդրանքով ետ է ուղարկվել նախագահի վարչակազմին: Թուրքիան իր հերթին երբեք չի ամբողջացրել վավերացման գործընթացը:

•Հիմունք երկրորդ – Դեմոկրատական կուսակցության ծրագրային հիմնադրույթները.

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 1924թ. և 1928թ. ծրագրային հիմնադրույթների (Party Platform) մեջ միանշանակորեն շեշտվել է Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության իրավունքը «Վիլսոնյան Հայաստանի» նկատմամբ. “Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia” (1924թ. ծրագիր): Դեմոկրատական կուսակցության 1928թ. ծրագիրը ոչ միայն վերահաստատել է հայերի իրավունքները, այլև իր զորակցությունն է հայտնել ԱՄՆ այն հետևողական ջանքերին, որոնք նպատակամղված կլինեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո, ԱՄՆ և Դաշնակից ուժերի կողմից Հայաստանին ու հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների կենսագործմանը. “We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people”: Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանին տված ԱՄՆ միակ անկատար խոստումը եղել և մնում է Վիլսոնի իրավարար վճիռը: