Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ա) Միացյալ Նահանգներն ստանձնեն Հայաստանի մանդատը (the United States to assume a mandate for Armenia),

բ) ԱՄՆ նախագահն իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia):

Նշյալ հարցերն իրարից էապես տարբեր էին, հետևաբար ունեին և տարբեր հասցեատերեր ու գտնվում էին տարբեր իրավասությունների շրջանակներում:

Առաջին՝ մանդատի հարցով Փարիզի վեհաժողովը դիմում էր ԱՄՆ-ին՝ որպես պետության: Նման խնդրանքի իրավական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրության (Covenant) 22-րդ հոդվածն էր, համաձայն որի՝ Ազգերի լիգայի անդամ-պետությունները կարող էին Ազգերի լիգայի անունից իրականացնել խնամակալություն (tutelage): Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով ստանձնելիք պարտավորությանը, ուստի ԱՄՆ նախագահը, ըստ ԱՄՆ սահմանադրության, պիտի ստանար ԱՄՆ սենատի «խորհուրդն ու համաձայնությունը»: Այսու, ԱՄՆ Սենատը, 1920թ. մայիսի 24-ից հունիսի 1-ը քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քվեարկությամբ մերժեց այն: Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ չէր հանդիսանում Ազգերի լիգայի անդամ, հետևաբար բացակայում էր այդ կազմակերպության անունից որևէ գործողություն կատարելու համար իրավական հիմքը:

Երկրորդ՝ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրավարարությամբ որոշելու հարցը չի եղել Սենատի լիազորությունների շրջանակում, ուստի ԱՄՆ օրենսդիր մարմինը չէր կարող և երբևէ չի անդրադարձել այդ հարցին: Միջպետական իրավարարությունը (international arbitration) միջազգային իրավունքի հարց է և կառավարվում է բացառապես միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, հայցադիմումի 2-րդ կետին, դեռևս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց 1 շաբաթ առաջ՝ 1920թ. մայիսի 17ին, նախագահ Վիլսոնը տվել է դրական պատասխան և ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի լիազորությունն ու պարտականությունները: Այսինքն՝ Սևրի պայմանագիրը կլիներ, թե՝ ոչ, իրավարարության օրինական հայցադիմումը կար, հետևաբար օրինական վճիռը կայացվելու էր:

Հարցի հետագա ընթացքը համեմատաբար ավելի հայտնի է: Սան Ռեմոյի (26.04.1920թ.), ինչպես նաև Սևրի (10.08.1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վիլսոնը 1920թ.