Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ. վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ է եղել: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր: Առանձնակի շեշտեմ, որ վերոհիշյալ քննարկումն ու քվեարկությունը տխրահռչակ զույգ արձանագրությունների մեջ վկայակոչված «սահմանը որոշող համապատասխան պայմանագրերից» տարիներ հետո էին:

Ի դեպ, առ այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունների վերահաստատումը չունի պայմանագրային հիմք և այդտեղ առկա են բազմաթիվ բաց մնացած և խնդրահարույց իրավական հարցեր:

ԱՄՆ հանրային կառույցների դիրքորոշումը.

Միացյալ Նահանգներում ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Կուսակցությունների ծրագրային հիմնադրույթները ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform) մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից: Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի կուսակցությունը) 2 անգամ՝ 1924թ. և 1928թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ:

Դեմոկրատական կուսակցությունը 1924թ. իր ծրագրի մեջ առանձին տողով՝ որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել է «Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը» (Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia): Դեմկուսի 1928թ. ծրագիրը մի քայլ առաջ է գնում և խոսում է ԱՄՆ՝ որպես պետության և Դաշնակից պետությունների «խոստումների և պարտավորությունների» մասին. «Մենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիներին Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների իրականացումն ապահովելուն»: Հայաստանին ԱՄՆ տված միակ անկատար «խոստումն ու պարտավորությունը» եղել և մնում է Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ:

Մեծարգո՛ պարոն նախարար,

Դուք նաև ասել եք, որ «Հայաստանը ԽՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդն է»: (Դարձյալ ներողություն, եթե նրբերանգային անճշտություններ կան):