Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԵ. Հայ-թուրքական արձանագրությունների

պտուղները

Ոմանք չեն ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն. Ինչքան քաղաքագիտությունն է վերացական, նույնքան էլ քաղաքականությունն է կոնկրետ: Այսինքն, գործում է աստվածաշնչյան պարզ ճշմարտությունը՝ ծառը պտուղից է իմացվում: Քաղաքականությունը կոնկրետ դրսևորումներով է ի հայտ գալիս: Հետևաբար, բոլոր այն, այսպես կոչված, մասնավոր դեպքերը, որ ի հայտ են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դժվարացումը, ամենակարևոր, ես կասեի նաև ամենամտահոգիչ, փաստերն են: Իհարկե սենատորներ Մենենդեզը (Menendez) և Էնսայնը (Ensign) միշտ էլ կարող են Ցեղասպանության ճանաչման բանաձև առաջադրել ԱՄՆ սենատում: Փա՛ռք աստծո, մենք դեռ դա արգելելու ուժը չունենք: Նաև նրանց ազնվությունը մեզ վերագրելու իրավունքը չունենք:

Դեռ նոր էր հրապարակվել իմ հաղորդումը կանադական Embassy magazine-ի Հայոց ցեղասպանության նկատմամբ փոփոխված քաղաքականության մասին, երբ Շվեդիայից ստացա իմ խոսքերն հաստատող մեկ այլ վկայություն: Աշխարհի մյուս ծայրից իմ բազմամյա գաղափարական ընկերն ինձ էր տրամադրում իր վերջին օրերի դառը փորձը: Մետրո (Metro) ազդեցիկ թերթի գլխավոր խմբագիր Փեր Գյուննեն (Per Gunne) հրաժարվում է տպագրել որևէ հոդված որտեղ հիշատակում կլինի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այլևս վստահ չէ՝ եղել է արդյոք ցեղասպանություն, թե ոչ (are not sure that there was a genocide): Նույն փոփոխված քաղաքականությունն է որդեգրել շվեդական մեկ այլ օրաթերթ «Սվենսկա Դագբլադեթ» (Svenska Dagbladet), որը հանձին իր հայտնի լրագրող Բիտտե Համմարգրենի (Bitte Hammargren) այժմ գործածում է միայն «հայկական ջարդեր» (Armenian massacres) լրագրողական ձևակերպումը և ոչ թե իրավական «ցեղասպանություն» եզրը: Սրանք պարզապես բառեր չեն, սրանք քաղաքականության դրսևորում են: Քաղաքականություն, որն էապես փոփոխվել է վերջին օրերին, փոփոխվել է տխրահռչակ զույգ արձանագրությունների ստորագրումից հետո:

22 հոկտեմբերի, 2009թ.