Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գործադիր իշխանության դիրքորոշումը.

ԱՄՆ բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land): Նախագահ Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրություններով և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի, իրավարարի անձնական ստորագրությունը և կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար է Իրավարար վճռի վավերականության համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաև իր՝ նախագահական, կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզև նախագահական, պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով և ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն է:

Օրենսդիր իշխանության դիրքորոշումը.

Իրավարար վճիռները ենթակա չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Նրանք ղեկավարվում են միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին ըստ ԱՄՆ սահմանադրության վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ:

Երբ 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ» (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia): Այդ առիթով սենատոր Ուիլյամ Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. «Ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլիներ հավատ և հարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հավաստիացումներին, քանի դեռ