Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են հայ-թուրքական սահմանին, հստակեցնել դրանց ներկա կարգավիճակը, նախանշել մեր անելիքները:

Նախ սկսենք միջպետական պայմանագրերից:

Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին նախորդող ժամանակահատվածում և հաջորդող տարիներին կնքվել է 6 պայմանագիր, որոնք այս կամ այն չափով վերաբերել են հայթուրքական սահմանին:

Նախ ի՞նչ բան է միջազգային պայմանագիրը:

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»: Այսինքն, պայմանագրի օրինականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ: Այս տեսանկյունից էլ, ժամանակագրական կարգով, անդրադառնանք հայ-թուրքական սահմանին վերաբերող պայմանագրերից յուրաքանչյուրին և որոշենք դրանց կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի:

1. Ժամանակագրական առումով առաջինը Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն է և նրա հավելվածը՝ կնքված 1918թ. մարտի 3-ին:

1917թ. հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում: Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը: Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրավված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև 1878թ.-ից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»: