Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԸ. «Ողջամիտը» դուրս է ողջամտության շրջանակից

Խոսելով հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների վավերացման հնարավոր ժակետի մասին՝ իրենց քաղաքական գործիչ համարող որոշ պաշտոնյաներ խրոխտ ձայնով հայտարարում են, որ հայ-թուրքական, ըստ իրենց, կարգավորումը պետք է տեղի ունենա «ողջամիտ ժամանակահատվածում»: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում պարզելու՝ արդյո՞ք միջազգային իրավունքի մեջ առկա է «ողջամիտ ժամանակահատված» հասկացության հստակեցված տևողություն:

«Ողջամիտ ժամանակահատված» եզրույթն ունի, թեև ոչ հաճախադեպ, սակայն որոշակի կիրառություն միջազգային հանրային իրավունքի մեջ: Օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (European Convention on Human Rights) 5-րդ և 6-րդ հոդվածները երաշխավորում են կալանքի կամ ձերբակալության մեջ գտնվող անձի դատավարությունը «ողջամիտ ժամանակահատվածում»: (“Everyone arrested or detained... shall be entitled to trial within a reasonable time or release pending trial”. Article 5(3). “Everyone is entitled to a fair and public hearing within a reasonable time”. Article 6(1).) Ակնհայտ է, որ նման ձևակերպումն ունի բավարար ճկունություն և հնարավորություն է տալիս վերոհիշյալ բազմակողմ փաստաթուղթը դարձնել առավել ներառական և այն կիրառելի դարձնել դատական տարբեր համակարգերի համար: Այսուհանդերձ, «ողջամիտ ժամանակահատված» բառակապակցության գործածումը երկկողմ փաստաթղթերում, որտեղ ամրագրվում են միայն փոխադարձ պարտավորություններ, տրամաբանական և բնավ ցանկալի չէ: Առավել ևս, հաշվի առնելով թուրքերի սեփական պարտավորություններն ուրանալու և խոսքը դրժելու դարավոր ավանդույթը, նման բան ընդհանրապես անընդունելի է նրանց հետ հարաբերություններում:

Բելգիացի ժամանակակից մեծագույն իրավագետ Օլիվյե Քորտենը (Olivier Corten) «ողջամիտ» եզրույթի հիմնական բնութագրիչն իրավացիորեն համարում է նրա «վերացական երկիմաստությունը» (profound ambiguity): Այսինքն, միջազգային հարաբերություններում նման ժամկետորոշիչի գործածումը որևէ հստակեցում չի մտցնում երկկողմ փաստաթղթի կիրարկման հարցում: ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանը (UN International Court of Justice) Մայրցամաքային ափեզերքի (Թունիսն ընդդեմ Լիբիայի) դատական գործի մեջ մեզ