Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համառոտակի քննության առնենք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանյունից: Սույն պայմանագիրն անօրինական է ու անվավեր, ըստ այդմ որևէ իրավական հետևանք չունի հայ-թուրքական սահմանի համար, 2 պատճառով.

ա) Բոլշևիկները 1918թ.-ին չէին հանդիսանում Ռուսաստանի օրինավոր և ճանաչված իշխանությունները, հետևաբար՝ իրավասու չէին միջազգային հարաբերությունների մեջ մտնել, առավել ևս պայմանագիր կնքել, Ռուսաստանի անունից (այս հիմնադրույթին ավելի հանգամանալից կանդրադառնանք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը քննելիս):

բ) Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել իրենց իսկ կնքողների կողմից (1918թ. սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի, իսկ 1918թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ Թուրքիայի կողմից (Մուդրոսի զինանդադարի 11-րդ հոդվածով)):

2. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը Սևրի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. օգոստոսի 10-ին:

Սևրի պայմանագիրն օրինական է, քանի որ կնքող բոլոր կողմերն իրենց երկրների օրինական և ճանաչված իշխանություններն էին: Պայմանագրի շուրջ, ըստ սահմանված կարգի, ընթացել են երկարատև բանակցություններ և Օսմանյան կայսրության անունից պայմանագիրը ստորագրել է լիազոր պատվիրակությունը: Սևրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վավերացման (հետևաբար մնում է ոչ կատարյալ (unperfected), սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել (հետևաբար մնում է օրինական, բայց ուժի մեջ չմտած (valid but not in force):

Սխալ է այն տարածված պատկերացումն, իբր Սևրի պայմանագիրն է որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: Այդպես չէ՛: Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածով կողմերը համաձայնվել են Հայաստանի և Թուրքիայի սահմանը իրավարար վճռով որոշելու խնդրանքով դիմել ԱՄՆ նախագահին և այդ վճիռն ընդունել անմիջապես: Նույն պայմանագրի 90-րդ հոդվածով Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ամրագրելով. «սկսած իրավարար որոշման օրից Թուրքիան հրաժարվում է [Հայաստանին] փոխանցվելիք տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից»:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ իրավարար վճիռը ստորագրել և