Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անվանել մի արդյունք, երբ պետությունն իր առջև երկու խնդիր էր դրել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, և երկուսում էլ զրոյական արդյունք է:

Իսկ արդյո՞ք հնարավորություն կար արդյունքի հասնելու: Կարծում եմ՝ այո: Բուն սխալն արձանագրությունների ոչ թե նպատակի, այլ արձանագրությունների բովանդակության մեջ էր: Դրանք գերբեռնված էին բազմիմաստ ձևակերպումներով և երկուստեք անընդունելի դրույթներով: Կարծում եմ, որ այս արձանագրությունները դիվանագիտության պատմության մեջ կմնան որպես բարդագույն հարցերը գրչի մի հարվածով լուծելու անպատասխանատու փորձի վառ օրինակներ:

Ի սկզբանե էր բառը և բառը սխալ էր: Եթե արձանագրությունները մի երկու պարբերությամբ ամրագրեին հռչակված նպատակները, ապա մենք այսօր այլ իրավիճակ կունենայինք:

Ինձ կարող են առարկել, թե թուրքերը դրան չէին գնա: Չէին գնա, մենք էլ չէինք ստորագրի, ինչպես չենք ստորագրել առնվազն մի 15 տարի: Հետո սահմանը բացելու այլ ձևեր ևս կան. ի վերջո Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է իր իսկ ստանձնած միջազգային պատարավորություններին: Իհարկե այս օրերին իրենց գլուխներին շատերը դափնեպսակ կդնեն, սակայն ազնվորեն պիտի խոստովանել՝ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մեղքն ու շնորհքը Թուրքիայինն է, մեկ էլ արձանագրությունները մեր կողմից բանակցողներինը: Եթե Թուրքիան բավարարվեր ՀՀ տարածքների ռազմակալման (օկուպացիա) de jure հաստատագրումով (որն ամրագրված է գոյություն ունեցող սահմանի ճանաչմամբ) և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին մահացու հարված հասցնելով (որն ամրագրված է պատմության հարթության հարցերի հանձնաժողովի ստեղծումով), ապա արձանագրություններն անխոս կվավերացվեին: Սակայն Թուրքիան ցուցաբերեց, ինչպես միշտ, քաղաքական անկշտություն: Նա իր ունեցած նախաճաշին և ճաշին որպես ընթրիք ուզեց ավելացնել նաև ԼՂ հարցը:

Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ երկու հարցի. ա) ինչո՞ւ էր դա ուզում անել և բ) ի՞նչ հիմքեր ուներ դրա համար:

ա) Թուրքիայի նպատակը եղել և մնում է հայոց պետականության կործանումը: Ուզում եմ հստակեցնել՝ կործանում ասածը պետք չէ հասկանալ միայն քայլող քարավանների և կանանց ու երեխաների վաճառքի շուկաների տեսքով, ինչպես անցյալում էր: Այսօր իրավիճակն աշխարհում փոխվել է: Այսօր հայոց պետականության կործա-