Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաստատել է ԱՄՆ պետական կնիքով 1920թ. նոյեմբերի 22-ին: Այսինքն, 1920թ. նոյեմբերի 22-ից իրավարար վճիռը մտել է ուժի մեջ: Այդ օրվանից նախկինում Օսմանյան կայսրության մաս կազմող Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների նկատմամբ (ընդհանուր առմամբ 103 599 քկմ) չեղյալ են հայտարարվել թուրքական իրավունքներն ու տիտղոսը և de jure ճանաչվել են Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու տիտղոսը:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որպես հայոց իրավունքների ամենազորեղ կռվանի, ավելի հանգամանալից կանդրադառնանք ստորև:

3.Ժամանակագրական առումով հաջորդը Ալեքսանդրապոլի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. դեկտեմբերի 3-ին:

Սա սովետահայ պատմագրության ամենասիրելի թեմաներից մեկն էր, քանի որ հնարավորություն էր տալիս դաշնակցությանը մեղադրել դավաճանության մեջ, իսկ բոլշևիկներին ներկայացնել որպես ազգի փրկիչներ: Մեր խնդիրը չէ պատմական քննարկումներ կատարել: Մեր նպատակն է քննել Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվավեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից և ոչ մեկը չի ունեցել դրա իրավասությունը: Պայմանագիրը հայկական կողմից կնքողներն արդեն իշխանություն չէին, իսկ Թուրքիայի կողմից կնքողները դեռևս իշխանություն չէին: Երկու կողմերն էլ գործել են ultra vires, այսինքն՝ գերազանցել են իրենց իրավասությունները: Հանրահայտ փաստ է, որ ՀՀ վերջին օրինական կառավարության կողմից իշխանության հանձնումը տեղի է ունեցել 1920թ. դեկտեմբերի 2-ին՝ «ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև» կնքված համաձայանագրով: Այս մասին տեղյակ էր նաև Քյազիմ Կարաբեքիրը, երբ դեկտեմբերի 3-ին (2-ի լույս 3-ի գիշերը)4 ստորագրում էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաև այն պատճառով, որ ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով:

4.Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը Մոսկվայի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. մարտի 16-ին:

Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «ՌՍՖՍՀ կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժո-