Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵ. Միջազգային իրավունքը որպես

փոքրամասնությունների հիմնախնդիրները

լուծելու վստահելի ճանապարհ

1991թ. անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ամեն գնով աշխատել է անխաթար պահել հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը: Հայաստանի բոլոր իշխանությունները հետևողականորեն ջանքեր են գործադրել մեր երկրի և Վրաստանի միջև կայուն բարիդրացիական հարաբերություններ պահպանելու համար: Հայաստանը դա արել է անսակարկ և իր քաղաքականությունը բնավ չի պայմանավորել Վրաստանի ներքաղաքական կամ տարածաշրջանի արտաքին քաղաքական հանգամանքներով:

Դյուրին չի եղել այդ ընթացքը: Վրաստանում մեկը մյուսին հաջորդած հեղաշրջումները, ներքին ռազմական բախումներն ու պատերազմները, ռազմատենչ ազգայնականությունը, այլազգիներին որպես տնվոր ու անկոչ հյուր դիտելու քաղաքականությունը, միջազգային կառույցներում մշտապես Հայաստանի դեմ քվեարկելը, էական խոչընդոտներ են ստեղծել այդ ճանապարհին: Անգամ իր տարածքով հայաստանյան բեռնափոխադրումների իրականացումը Վրաստանը դիտարկել է ոչ թե որպես բազմակողմ և երկկողմ միջպետական պարտավորությունների կատարում, որն էապես համալրում է երկրի բյուջեն, այլ լծակ՝ Հայաստանի հետ հարաբերություններում առավելագույնը կորզելու համար: Նման քաղաքականությունը, թերևս, կարելի է բացատրել Վրաստանի այն սխալ ընկալմամբ, որով մեկնաբանվել և առ այսօր մեկնաբանվում են հայերի և Հայաստանի հանդուրժողականությունն ու համբերատարությունը:

Հայ-վրացական հարաբերությունների մեջ հարցերի մի ողջ փաթեթ առնչվում է վիրահայության ճակատագրին: Թեև այսօր իրավական տեսանկյունից վիրահայությունն ընկալվում է որպես մեկ ամբողջություն, այսուհանդերձ, այն բաղկացած է երկու մեծ՝ սերտաճած ու հարափոփոխ, հատվածից. Թիֆլիսի և այլ քաղաքների ու շրջանների գաղթականասերունդ հայություն և Ջավախքի բնիկ հայություն:

Վիրահայությունն ընդհանրապես և թիֆլիսահայությունը մասնավորապես, բացառիկ դերակատարություն են ունեցել Վրաստանի կյանքում: Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ