Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սահմանների համար; բ) տարածքների իրավատիրությունը որոշելու հարցում պետք է առաջնորդվել ԱՄՆ նախագահ Վիլսոնի ազգերի ինքնորոշման սկզբունքով և սահմանորոշումը (delimitation) կատարել՝ հաշվի առնելով ազգային տեղաբաշխման պատկերը: Այս և նման այլ խնդիրներ լուծելու համար Փարիզի վեհաժողովի շրջանակներում ստեղծվեցին մի շարք հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր: Միացյալ Նահանգները, բացի համատեղ աշխատանքներին մասնակցելուց, ստեղծեց նաև հատուկ հանձնախումբ. Ամերիկյան պատվիրակության հետախուզական բաժինը (The Intelligence Section of the American Delegation), որի նպատակն էր մշակել ԱՄՆ դիրքորոշումը բոլոր կարևորագույն հարցերի շուրջ: Ահա այս հանձնախումբը պատրաստեց և 1919թ. հունվարի 31-ին նախագահ Վիլսոնի ուշադրությանը ներկայացրեց ԱՄՆ դիրքորոշման հիմնադրույթները Հարավային Կովկասի և Միջին արևելքի տարածքային հարցերի նկատմամբ: Այստեղ, բնականաբար անդրադարձ կար նաև Հայաստանի սահմաններին: Ամերիկյան մոտեցմամբ Ջավախքը միանշանակորեն դիտարկվում էր որպես Հայաստանի Հանրապետության տարածք. «Նախկին Ռուսական [կայսրության] Կարսի և Երևանի նահանգների, Ախալքալաքի և Ախալցիխի ենթաշրջանների հետ միասին, ներառումը պայմանավորված է այն փաստով, որ դրանք ունեն հայկական բնակչության ամենամեծ զանգվածը» (The inclusion of the former Russian provinces of Kars and Erivan, with the sub-districts of Akhalkalaki and Akhaltsikh, is determined by the fact that they contain the largest block of Armenian peoples.)

Հետագայում Ջավախքի հայաստանապատկանությունը վերահաստատվեց Ազգերի լիգայի խորհրդի հովանու ներքո գործող Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) կողմից: Սույն հանձնաժողովի զեկույցի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի (Council of League of Nations) անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Բրիտանական կայսրության, Իտալիայի և Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Այս զեկույցը, որը թվագրված է 24 փետրվարի, 1920թ.-ով և վերնագրված է «Զեկույց և առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, 24 February 1924)