Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԶ. Պետությունների և պայմանագրերի նկատմամբ

իրավահաջորդության հարցը

/Մոսկվայի և Կարսի պայմանագրերի օրինակով/

Պետությունների իրավահաջորդության (state succession)՝ մասնավորապես պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության հարցը, լինելով միջազգային հանրային իրավունքի հարց, ներկայումս ունի հույժ գործնական նշանակություն: Հայ-թուրքական զույգ արձանագրությունների լույսի ներքո, հատկապես նրանցից առաջինում «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերի» վկայակոչման պարագայում, այդ հարցը ձեռք է բերել միանգամայն կիրառական նշանակություն: Թուրքական կողմը «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրեր» բառակապակցությունը մեկնաբանում է որպես Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրեր:

Ըստ այդմ, մեր խնդիրն է համառոտակի քննարկել մի քանի հարց.

  1. Ընդհանրապես պետությունների իրավահաջորդության հարցը:
  2. Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության հարցը:
  3. Մասնավորապես, Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հարցը:

1. Պետությունների իրավահաջորդության հարցը.

ա) ՀՍՍՀ և ՀՀ իրավահաջորդության հարցը.

Պետությունների իրավահաջորդությունը «տվյալ տարածքի վրա, ըստ միջազգային իրավունքի, մի պետության ինքնիշխանության վերջնական փոխարինումն է մեկ այլ պետության ինքնիշխանությամբ»: State succession is a definitive replacement of one state by another in respect of sovereignty over a given territory in conformity with international law.

Այսու, պետությունների իրավահաջորդությունը վերացական հասկացություն չէ, այլ ածանցվում է ինքնիշխանությունից (sovereignty): Միմիայն երկու ինքնիշխան պետությունների միջև կարող է լինել իրավահաջորդություն: Քանի որ ինքնիշխանությունը պետության բացառիկ իրավունքն է կառավարելու սեփական բնակչության հարաբերությունները և զերծ լինելու արտաքին վերահսկողությունից