Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին.

Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության վերաբերյալ վերն ասվածը ամբողջովին վերաբերում է, այսպես կոչված, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականներն իրենք որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կոչվող կառույցի «կառավարության» անունից: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն (NGO) էր և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նախկին պաշտոնյաներ միավորող կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, սակայն նրանցից և ոչ մեկն իրավունք չունի միջպետական պայմանագիր կնքելու երկրի անունից: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922թ. նոյեմբերը, այսինքն սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էին վերապահված միջազգային հարաբերությունների մեջ մտնելու լիազորությունները, միայն սուլթանը կարող էր լիազորել որևէ անձի՝ գործելու երկրի անունից:

Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որ է երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Քեմալը 1921թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: