Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԷ. Ավստրալիան՝ այդքան հեռու ու այդքան մոտ

Ավստրալիան առանձնահատուկ է ու բացառիկ: Այն առանձնահատուկ է իր աշխարհագրական դիրքով և բացառիկ՝ իր պատմական անցյալով: Ավստրալիան, լինելով աշխարհի միակ աշխարհամաս-պետությունը, ձևավորել է յուրօրինակ ինքնություն, որը հանդարտության ու գործնականության համաձուլվածք է: Այդ երկրից կենցաղային հանդարտություն և տնտեսական գործնապաշտություն է ճառագում: Մի խոսքով՝ աշխարհից այդքան հեռու, սակայն աշխարհին այդքան մոտ:

Խիստ ուսանելի է Ավստրալիայի անցած ուղին: Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որ նախկինում դրախտավայր են եղել, սակայն այսօր բանտ են դարձել բաց երկնքի տակ: Դարեր շարունակ լինելով Բրիտանական կայսրության բանտ-աքսորավայրը՝ ներկայիս Ավստրալիան աշխարհին ցույց է տալիս, թե ինչպես օրինապաշտ հասարակությունը և ազատ տնտեսությունը բանտը կարող են դարձնել դրախտավայր: Ավստրալիայի անցած ուղին բռնության մերժում է, իսկ նրա ներկան բռնատիրության ու կապանքների նկատմամբ ազատության առավելության ամենացայտուն օրինակ:

Աշխարհի վրա հայ համայնքների տեղաշարժով կարելի է ճշգրտորեն հետևել համաշխարհային տնտեսության զարգացման պատմությանը: Որպես պետականազուրկ ազգի զավակներ և հիմնականում զրկված լինելով քաղաքական բարձունքների հասնելու հնարավորությունից՝ հայերն առավելապես ինքնահաստատվել են գործարարության դաշտում: Բնականաբար, Ավստրալիայի քաղաքական բարությունն ու տնտեսական հնարավորությունները գրավիչ են եղել և են հայերի համար: Ներկայումս Ավստրալիայում ապրում է 40-50 հազ. հայ: Ճշգրիտ թիվը որևէ մեկը չգիտի: Ըստ էության, չի էլ կարող իմանալ, քանի որ հիմնականում ներգաղթելով Միջին արևելքից, հայերը պետության կողմից հաշվառվում են ըստ ծագման երկրի: Հայերն հիմնականում ավանդական գաղթօջախներից են՝ Լիբանան, Սիրիա, Իրան, Եգիպտոս: Ավստրալիայում կյանքումս առաջին անգամ հանդիպեցի Լիբիայում՝ Մուըամար Քադաֆիի հայրենիքում, ծնված հայի: Հայաստանցիներ դեռ քիչ կան, սակայն Հայաստանը դատարկվելուն զուգահեռ շատանում են: Ինչպես ամենուր, Ավստրալիայում էլ հայերն ունեն եկեղեցի, դպրոց, ավանդական կառույցներ: Ինչպես ամենուր, այստեղ էլ երիտասարդությունը հեռանում է եկեղեցուց, դպրոց պահելը տարեցտարի դառնում է ավելի դժվար, իսկ ավանդական կառույց-