Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղևորվեցինք մայրաքաղաք Քանբերրա և ժ. 9-ից արդեն հանդիպումների մեջ էինք խորհրդարանի պատգամավորների հետ:

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը Ավստրալիայի խորհրդարանում Ազգային ներողության օր էր (National Apology Day), այսինքն՝ Ավստրալիայի խորհրդարանը երկրի անունից ներողություն էր խնդրում իր այն զավակներից, որոնց նկատմամբ տասնամյակներ առաջ անարդարություն էր գործադրել: 20-րդ դարի ընթացքում գրեթե կես միլիոն երեխա բաժանվել էր հարազատ ընտանիքից և հանձնվել պետության խնամքին: Պետք է ենթադրել, որ մտադրությունը բարի է եղել՝ երեխաներին բերել են հեռավոր շրջաններից, հավաքել են անառողջ և ծայրահեղ աղքատ ընտանիքներից, ուզել են կրթել և ապագա տալ: Սակայն այսօր հասկանում են, որ, չնայած բարի մտադրություններին, այդ երեխաներին ու նրանց հարազատներին տառապանք են պատճառել ու անցյալի համար այսօր ներողություն են խնդրում: Ես կանգնած էի Ավստրալիայի խորհրդարանում, լսում էի Ավստրալիայի վարչապետ Քևին Ռուդի (Kevin Rudd) և ընդդիմության առաջնորդ Մալքոլմ Թյորնբալի (Malcolm Turnbull) ցավի ու ներողության խոսքերը և մտածում էի, որ Ավստրալիան դրանից դարձավ ավելի վեհ, ավելի ուժեղ, իսկ տառապյալների հոգին խաղաղվեց:

Միայն ուժեղները կարող են ներողություն հայցել: Ես մտածում էի, թե արդյոք երբևէ մեր հոգիները խաղաղվելո՞ւ են, թե Թուրքիան, օգտվելով մեր պատեհապաշտ և եսակենտրոն իշխանությունների վարքից, Հայոց ցեղասպանությունը ծամծմելու է բյուրոկրատական սեղանատամով և մեզ զրկելու է համազգային ապաքինման հնարավորությունից:

Քանբերրայում 3 օրվա ընթացքում՝ նոյեմբերի 16-18-ին, առանձին հանդիպումներ ունեցանք ավելի քան երեք տասնյակ պատգամավորների հետ և հիմա կարող եմ որոշ եզրահանգումներ անել: Առայժմ քննարկումների մանրամասներն ու պայմանավորվածությունները դուրս եմ թողնում, քանի որ դեռ դրանց բացահայտելու ժամանակը չէ:

Իրավիճակը ճիշտ հասկանալու համար նախ մի քանի հիմնական տեղեկություններ Ավստրալիայի խորհրդարանի մասին: Այն երկպալատ է՝ ունի Սենատ (76 անդամ, պաշտոնավարման առավելագույնը 6 տարի) և Համայնքների պալատ (150 անդամ, պաշտոնավարման առավելագույնը 3 տարի): Թեև ավստրալական քաղաքական դաշտում դերակատարություն ունեն 6-7 կուսակցություն, բայցևայնպես բուն պայքարն արդեն տասնամյակներ ի վեր ընթանում է Աշխատավորա