Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոշակի խումբ հստակ արտահայտվեց՝ անկախ իրենց կառավարության դիրքից, անկախ իրենց կուսակցության դիրքորոշումից, իրենք հանդես են գալու Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, որովհետև իրենց համար դա առաջին հերթին անարդարության մասնակի վերականգնման և ճշմարտության հաղթանակի հարց է: Նրանցից մեկն ասաց. «Իմ ընտրատեղամասում 4500 թուրք ընտրող ունեմ և 100-ից պակաս հայ, սակայն ես ձեր կողքին կլինեմ: Որպես պատգամավոր ես պարտավոր եմ պաշտպանել արդարությունը»: Ու երբ հաջորդ օրն ինքը զանգեց հստակ հարցերով, ես հասկացա, որ մարդը պարապ խոսքեր չէր շռայլում: Տպավորվել է նրա մի միտքը. «Եթե հանցագործը չի պատժվում, ապա գոնե հանցագործությունը պիտի դատապարտվի»: Այո՛, պատգամավորները տարբեր են լինում: Ոմանք նաև սկզբունքներ ունեն:

Ավստրալիայում բնակվող սկզբունքային մարդկանցից պիտի հիշատակեմ Հարավային Ավստրալիայի (South Australia) նահանգի գլխավոր դատախազ Մայքլ Աթքինսոնին (Michael Atkinson), ում հետ միասին մենք պատվո հյուրեր ու հիմնական բանախոսներն էինք Պահանջատիրության շաբաթի ժամանակ: Հարավային Ավստրալիան Ավստրալիայի 6 նահանգներից մեկն է, ունի գրեթե 1 մլն քկմ տարածք և 2 մլն-ից պակաս բնակչություն: Հայեր գրեթե չկան, փոխարենը կան բազմաթիվ թուրքեր: Ահա այս մարդու ջանքերի շնորհիվ ամիսներ առաջ հիշյալ նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Տվյալ պարագայում ինձ համար ոչ միայն ինքնին ճանաչումն է կարևորը, այլ նման մարդկանց առկայությունը: Նման մարդիկ են, որ թույլ չեն տալիս վերջնականապես հիասթափվել մարդկությունից: Դեռ ամեն ոք չէ, որ շահով է առաջնորդվում, ամեն ինչ չէ, որ շահով է որոշվում:

Ավստրալիան Կանադայի եղբայր է: Նրանք նույն հորից են, սակայն՝ տարբեր մորից: Ըստ այդմ, իմ կանադական փորձն ինձ հնարավորություն տվեց կարճ ժամանակահատվածում ընկալել այդ երկիրը: Ես վաղուց եմ նկատել՝ երկրները մարդկանց նման են: Նրանցից ոմանք բնածին սրիկա են, ոմանք՝ արդարության հետամուտ մարտիկներ: Ավստրալիան երկրորդ խմբից է: Առաջիկա տարիներին մենք ևս առիթ կունենանք դրանում համոզվելու:

Այդպիսին է Ավստրալիան՝ այդքան հեռու ու այդքան մոտ:

22-28 նոյեմբերի, 2009թ.