Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի ևս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար:

5. Հայ-թուրքական սահմանին վերաբերող հաջորդ պայմանագիրը Կարսի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. հոկտեմբերի 13-ին:

Միանշանակ է, որ Կարսի պայմանագիրն անօրինական է և անվավեր, քանի որ պայմանագիրը կնքած կողմերից և ոչ մեկը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերին վերաբերող հատվածում քեմալականների մասին արդեն խոսվեց: Անդրադառնանք ՀՍՍՀ կարգավիճակին, որն էլ հանդիսացել է քեմալականների հետ պայմանագիրը կնքած կողմերից մեկը: Անվիճելի է, որ Սովետական Հայաստանը երբեք չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Այն երբեք ճանաչված չի եղել միջազգային իրավունքի որևէ այլ սուբյեկտի կողմից, երբեք չի ունեցել այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: Պարզ ասած՝ այն երբեք չի ունեցել դեսպանություններ և ՀՍՍՀ անունից երբևէ ոչ մի դեսպան չի հավատարմագրվել: Իսկ «այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը» (capacity to enter into relations with the other states) հանդիսանում է պետականության 4 չափորոշիչներից մեկը, որն ամրագրված է Մոնտեվիդեոյի պետությունների իրավունքների և պարտականությունների մասին 1933թ. (Convention on Rights and Duties of States, Montevideo, 1933) կոնվենցիայի առաջին հոդվածի 4-րդ կետում: ԽՍՀՄ կազմում պարզապես եղել է «ՀՍՍՀ» վարչատարածքային միավորը:

6. Ժամանակագրական առումով վերջին պայմանագիրը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, Լոզանի պայմանագիրն է՝ կնքված 1923թ. հուլիսի-ի 24-ին:

Նախ մի շատ տարածված մոլորության մասին: Լոզանի պայմանագրի կնքումով Սևրի պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել: Որևէ պայմանագիր կամ միջազգային պարտավորություն նոր պայմանագիր կնքելու պարագայում ինքնըստինքյան չեղյալ չի լինում: Պայմանագիրը չեղյալ է դառնում ոչ այլ կերպ, քան չեղյալ հայտարարումով: Ընդ որում, պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել միմիայն նախորդ պայմանագրի մաս հանդիսացող