Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Կարսի պայմանագրի (չ)վավերացման և

հարակից հարցերի շուրջ

Ընդամենը 2 միջազգային համաձայնագիր կա գոյություն ունեցող
սահմանների ճանաչման վերաբերյալ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
Ահմեդ Դավուդօղլու, Թուրքիայի ԱԳ նախարար,
Թուրքիայի ազգային մեծ ժողով, 21 հոկտեմբերի, 2009թ.,

Այսօր արդեն ակնհայտ է՝ Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլևս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից և այսօր դժվար է կանխատեսել, թե ինչ վարքագիծ կունենա այդ, մեզանից արդեն որևէ կախվածություն չունեցող, քաղաքական արարածը: Հետևաբար, մենք դեռ երեկվանից պիտի սկսեինք պատրաստվել բազմաթիվ քաղաքական և հատկապես իրավական հարցերի մոտալուտ վերարծարծմանը և վերարժեվորմանը: Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը՝ այդ հարցերի մեջ առանձնակի կարևորություն ունի Կարսի պայմանագրի իրավական կարգավիճակի հարցը: Չնայած հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ նշյալ փաստաթղթի ունեցած հույժ կարևոր դերակատարությանը՝ առ այսօր Կարսի պայմանագիրը քննության չի ենթարկվել միջազգային իրավունքի տեսանկյունից: Եղած հրապարակումներն առավելապես գաղափարախոսական բնույթի են և վերլուծում են պայմանագրի քաղաքական հետևանքները, առանց անդրադառնալու բուն պայմանագրի իրավական էությանը: Քանի որ Կարսի պայմանագրի իրավական կարգավիճակին վերաբերող հարցերը բազմաթիվ են ու բազմազան, ուստի, մեր ուժերի ներածին չափով, մի քանի հոդվածով կփորձենք լուսաբանել որոշ հարցեր:

Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.) երկկողմ պայմանագիր է: Այն ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մասնակցու-