Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ» (при участии, with the participation): Վերոշարադրյալից ակնհայտ է, որ ՌՍՖՍՀ-ն Կարսի պայմանագրի կողմ չէ, այլ զուտ մասնակից, այսինքն՝ նա չի ստանձնում պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորություններն ամբողջությամբ, այլ նրան վերապահված է միայն որոշակի գործառույթ: Անշուշտ, այդ գործառույթը քաղաքական վերակացուի դերն էր, քանի որ բոլշևիկները դեռևս Մոսկվայի պայմանագրի (16 մարտի, 1921թ.) 15-րդ հոդվածով պարտավորվել էին հետևյալը. «Ռուսաստանը ստանձնում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր, որպեսզի ապահովի վերջիններիս կողմից Թուրքիայի հետ կնքվելիք համաձայնագրում սույն պայմանագրի այն հոդվածների ճանաչումը, որոնք ուղղակիորեն վերաբերում են իրենց»: Կարսի պայմանագրի վավերացման հարցը. Լայնորեն հայտնի փաստ է, որ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922թ. սեպտեմբերի 11-ին Երևանում: Կողմերից մեկը՝ քեմալականները, նշյալ պայմանագիրը վավերացրել է 1922թ. մարտի 16-ին (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրենք #207) [առայժմ մի կողմ ենք թողնում այդ կառույցի լիազորությունների հարցը]: Սակայն Կարսի պայմանագիրը չի վավերացվել երկրորդ կողմ հանդիսացող, այսպես կոչված, երկրներից և ոչ մեկի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, կողմից [առայժմ մի կողմ ենք թողնում նաև սրանց լիազորությունների հարցը]: Կարսի պայմանագիրը թուրքերի հետ նույն օրը՝ 16.03.1922թ. (Մոսկվայի /16.03.21/ պայմանագրի առաջին տարեդարձի օրը) վավերացրել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր հանձնաժողովը (ВЦИК – Всероссийский Центральный Исполнительный Комитет):

Ըստ այդմ, այս վավերացումը երբեք չի կարող դիտարկվել օրինական, հետևաբար իրավական հետևանք ստեղծող, քանի որ ռուսաստանյան այդ կառույցը ոչ ներքին, ոչ միջազգային օրենքի տեսանկյունից նման լիազորություն չուներ և չէր կարող ունենալ: Չի կարող մի երկրի կառույց վավերացնել մեկ այլ երկրի կամ երկրների ստորագրած պայմանագիրը: Հարավային Կովկասի երկրների ռազմակալումից հետո (Ադրբեջան՝ 1920թ. ապրիլ, Հայաստան՝ 1920թ. դեկտեմբեր, Վրաստան՝ 1921թ. փետրվար) մինչև 1922թ. դեկտեմբերի 30-ը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ ձևավորումը, վերոհիշյալ երեք երկրները, գոնե ձևականորեն, անկախ էին: Այսինքն, գոնե պաշտոնապես առանձին էին և մաս չէին կազմում Ռուսաստանին: