Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր, կրկնում եմ բոլոր, կողմերի համաձայնությամբ՝ դրա մասին հստակ հայտարարումով և այդ իրողության ամրագրումով հաջորդ պայմանագրի մեջ: Լոզանի պայմանագիրը չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը: Լոզանի պայմանագրի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին: Այո՛, ըստ միջազգային իրավունքի, պայմանագիրը կնքած երկրներն իրավասու են հաջորդ պայմանագրով վերատեսության ենթարկել նախորդ պայմանագրի դրույթները: Սակայն փոփոխված կամ նորամուտ դրույթներն իրավական ուժ ունեն միայն նոր պայմանագիրը ստորագրած երկրների համար, իսկ մնացածների համար շարունակում են ուժի մեջ մնալ նախորդ պայմանագրի դրույթները: Սա հստակորեն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 39, 40 և 41-րդ հոդվածներում: Սևրի պայմանագիրը ստորագրել է 18 երկիր, իսկ Լոզանի պայմանագիրը՝ ընդամենը 7-ը: Այսինքն, Լոզանին չմասնակցած երկրների համար իրավական է Սևրի պայմանագիրը, իսկ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկրների համար իրավական են Սևրի պայմանագրի այն դրույթները, որոնք չեն փոփոխվել Լոզանի պայմանագրում:

Ավելին, Լոզանը ոչ միայն չեղյալ չի հայտարարել հայոց իրավունքները, այլև 16-րդ հոդվածով վերահաստատել է դրանք: Այսպես, Լոզանի պայմանագիրն անդրադառնում է թուրք-բուլղարական, թուրք-հունական և թուրք-սիրիական սահմաններին, ըստ այդմ՝ հստակեցնում Թուրքիային պատկանող տարածքները միայն երկրի այդ հատվածներում: Իսկ քանի որ Լոզանի պայմանագրի 16րդ հոդվածը հայտարարում է, որ Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքներից, որոնց վրա Լոզանի պայմանագրով չի ճանաչվել Թուրքիայի ինքնիշխանությունը, իսկ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքների վրա Լոզանի պայմանագիրը չի ճանաչել թուրքական ինքնիշխանությունը, հետևաբար Թուրքիան մեկ անգամ ևս հաստատել է վիլսոնյան Հայաստանից իր հրաժարումը:

Հիմա ամփոփենք մեր քննության արդյունքները և անդրադառնանք բազմիցս հիշատակված և իմ համոզմամբ Հայ դատի հիմնասյունն ու նրա հաջողության գրավականը հանդիսացող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին:

Սակայն, մինչ այդ հստակեցում: