Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Party) ունի 7 տեղ և 2 տեղ Եվրոպայի խորհրդարանում, իռլանդական Շին ֆեյն (Sinn Fein) [Մենք ինքներս] կուսակցությունը՝ համապատասխանաբար 5 տեղ և 1 տեղ, ուելսցիների Փլեյդ Քըմռը (Plaid Cumru, Ուելսի կուսակցություն)՝ 3 տեղ և 1 տեղ, Ալսթըրի միութենական կուսակցությունը (Ulster Unionist Party)՝ 1-ական տեղ: Հատկանշական է, որ սրանք բոլորը, բացի վերջինից, անկախական/անջատողական կուսակցություններ են, այսինքն՝ պայքարում են հանուն իրենց ազգային-տարածքային միավորների լիակատար անկախության: Այսուհանդերձ, այդ կուսակցությունները ոչ միայն չեն փակվում, և նրանց անդամները չեն ձերբակալվում ու հալածվում, այլև իրենց ներկայացուցիչներն ունեն Եվրոխորհրդարանում:

Ռումինիայի քաղաքական դաշտում գնչուները ներկայացված են երկու միավորով՝ Գնչուների կուսակցությամբ (Partija Roma), որը ներկայացված է նաև խորհրդարանում և արտախորհրդարանական «Ռոմա» [գնչու] քաղաքացիական միություն կուսակցությամբ (Civil Union "Roma"): Նույն երկրի հունգարացիները խորհրդարանում ներկայացված են Ռումինիայի հունգարացիների ժողովրդավարական միություն կուսակցությամբ (Democratic Union of Hungarians in Romania), որը 22 տեղ ունի պատգամավորական պալատում, 9 տեղ՝ սենատում, 3 տեղ՝ Երվրոխորհրդարանում: Ռումինական գերմանացիների Ռումինիայի գերմանացիների դեմոկրատական ֆորում կուսակցությունը (Demokratisches Forum der Deutschen in Rumanien, DFDR) խորհրդարանի պատգամավորական պալատում ունի 1 տեղ:

Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգներում ընտրական պայքարն ընթանում է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև: Այսուհանդերձ, կան բազմաթիվ, այդ թվում նաև տարածաշրջանային/նահանգային ընդգրկման, կուսակցություններ: Նշեմ 2 ամենահետաքրքիրները՝ Բոստոնի թեյախմության կուսակցությունը (Boston Tea Party) և Միացյալ Նահանգների մարիխուանայի կուսակցությունը (United States Marijuana Party): ԱՄՆ-ում չկան էթնիկ կուսակցություններ, որովհետև երկրում չկան հոծ բնակեցված էթնիկ շրջաններ: Փոխարենը ներկայումս գործում են բազմաթիվ տարածաշրջանային/նահանգային կուսակցություններ, այդ թվում՝ Օրեգոնի անկախ կուսակցությունը (Independent Party of Oregon) կամ Հարավի անկախության կուսակցությունը [Թեքսաս] (Southern Independence Party, [Texas]):