Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրինախախտմամբ, ապա ներկա տնօրինումը չի կարող օրինական իրավատիրության հիմք հանդիսանալ:

Հայերից ապօրինի բռնագրավված գույքի գնահատման հարցը բարդ խնդիր է: Չնայած կատարված որոշակի աշխատանքին, մեր պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ դեռևս խիստ հատվածական են: Օրինակ, միայն 1916թ. Բեռլինի Ռեյսխբանկին Օսմանյան կայսրությունից փոխանցած 33 տ ոսկու (ներկա գներով ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար) մեծ մասը, թերևս ամբողջությամբ, ապօրինի բռնագրավվել էր հայերից: Առ այսօր Թուրքիան չի բացահայտել Օսմանյան կայսրության զանազան բանկերում, ինչպես նաև օտարերկրյա բանկերի թուրքական մասնաճյուղերում, պահվող հայկական հաշիվների անվանացանկերը և գումարների չափը:

Որքան այսօր դժվար է փաստել սեփականության իրավունքը, հստակեցնել անհատական գույքի գինը և հետամտել կորուստը, նույնքան էլ դյուրին է դա անել համայնքային սեփականության հարցում: Քանի որ Օսմանյան կայսրությունը կառուցված էր ազգային/ կրոնական սկզբունքով և լուսավորչական հայերը ներառված էին մեկ՝ էրմենի մլիեթի մեջ, ապա նրանց եկեղեցիները, վանքերն ու դպրոցները հաշվառված էին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանում: Մինչ այժմ կան տարբեր հաշվարկներ, ներառյալ 1919թ. Փարիզի վեհաժողովին հայկական պատվիրակությունների ներկայացրած տեղեկանքները: Թերևս ամենաամբողջականը Ռայմոն Գևորգյանի և Փոլ Փապուճեանի հաշվարկներն են, քանի որ դրանք հիմնված են պատրիարքարանի չհրատարակված արխիվների վրա: Ըստ այդ հաշվարկների 1913-14թթ. առաքելական հայերն ունեին 2538 գործող եկեղեցի, 451 վանք և գրեթե 2000 դպրոց: Այս հաշվարկի մեջ չեն մտնում Օսմանյան կայսրության հայ կաթողիկե համայնքի և հայ ավետարանականների հոգևոր հաստատություններն ու դպրոցները, ինչպես նաև Ռուսական կայսրության Կարսի, Սուրմալուի և Բաթումի վարչական միավորների հայապատկան գույքը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

Հայոց իրավունքներին տեր կանգնելու համար բնավ պարտադիր չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի համընդհանուր: Հայազգի քաղաքացիական բնակչության աքսորը նույնքան պատասխանատվություն է դնում թուրքական պետության վրա և