Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա բառացիորեն ինչ է գրում Էլիզաբեթ Հարրիսը. «Հենց այս սպաներից էլ մենք լսեցինք Մուստաֆա Քեմալի կողմից Հալեպի հանձնման պատմությունը: Երուսաղեմի անկումից հետո, Բրիտանական բանակի հյուսիս շարժվելու հետ, քաղաքը քաղաքի ետևից ընկնում էր բրիտանացիների ձեռքը: Դեպի հյուսիս նրանց ռազմերթի պատմությունը նման է Հին կտակարանի պատմության: Երուսաղեմն ընկավ, հետո Դամասկոսը, Համսը և Համման; և բրիտանացիները հասան Հալեպի դարպասներին, որը պահում էր Քեմալ փաշան 8000 հոգանոց բանակով: Երբ բրիտանական բանակն առաջացավ այդքան հյուսիս, այն այնքան էր հյուծված հիվանդության պատճառած մահերից, որ միայն մոտ 1500 մարդ էր մնացել, որոնք էլ տառապում էին ճահճատենդից (մալարիա), արնալուծից (դիզենտերիա) և այլ հիվանդություններից, որոնք սովորական են եվրոպացիների համար արևելյան երկրներում: Բանակն, հիրավի, այնպիսի խեղճ վիճակում էր, որ հրամանատարը վախենում էր հարձակման անցնել, և բանակը ճամբար խփեց քաղաքից մի քանի մղոնի վրա: Այսուհանդերձ, Մուստաֆա Քեմալը չգիտեր նրանց տկարության մասին; նա գիտեր միայն այն հաղթական բանակը, որը մինչ քաղաքի դարպասներին հասնելը, սրբել-տարել էր իր առջև կանգնած ամեն ինչ, և նա հանձնվեց առանց մի կրակոցի: Երբ նա բացահայտեց իրական վիճակը, այնքան էր նվաստացած, որ նա ինքնասպանության փորձ արեց, սակայն դա կանխվեց: Հենց որ բրիտանական զինվորական իշխանությունների կողմից նա ազատ արձակվեց, իսկույն ձեռնամուխ եղավ «անհավատներին» Թուրքիայից քշելու իր շարժմանը»:

Կարծում եմ, որ որպես հարևան երկիր, մեր պարտքն է օգնել Թուրքիային բացահայտելու իր ճշմարիտ պատմությունը: Այն պատմությունը, որ սարքովի չէ և հարմարեցված չէ որոշ քաղաքական խմբերի իշխանության պահպանմանը:

11 ապրիլի, 2010թ.