Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճիշտ է, որ Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան ընդունվել է 1969թ.-ին և հետադարձ ուժ չունի, ինչպես հայտարարված է կոնվենցիայի 4-րդ հոդվածում, այնուամենայնիվ հստակ է, որ բոլոր այն չափորոշիչային հիմնադրույթները, որոնցով քննության առանք վերոնշյալ պայմանագրերը, միջազգային իրավունքում առկա են եղել և գործել են դարեր ի վեր, այսինքն, լատիներեն ասած, եղել են 'jus cogens, այն է՝ բոլորի համար պարտադիր' ու անբեկանելի: Դրանք պարզապես վերամրագրվել են Վիեննայի կոնվենցիայի մեջ: Եւ ինչպես հաստատում է նույն կոնվենցիայի 53-րդ հոդվածը, պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին ոտնահարվել է միջազգային իրավունքում ճանաչում գտած որևէ անբեկանելի հիմնադրույթ, այսինքն՝ որևէ jus cogens:

Հետևաբար, վերը քննության առած 6 պայմանագրից 4-ն անվավեր են, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կնքվել է միանգամից մի քանի jus cogens-ների ոտնահարմամբ:

Անվավեր պայմանագրերն են.

Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը,
Ալեքսանդրապոլի պայմանագիրը,
Մոսկվայի պայմանագիրը և
Կարսի պայմանագիրը:

Սևրի պայմանագիրն օրինական է և վավեր, սակայն այն ուժի մեջ չի մտել, քանի որ լիովին չի վավերացվել:

Իսկ վավերական ու օրինական Լոզանի պայմանագիրը, ինչպես ասվեց, Հայաստանին վերաբերում է անուղղակիորեն:

Հիմա, ինչպես ասացի, Հայ դատի հիմնասյունը և հաջողության գրավականը հանդիսացող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի (Arbitral Award) մասին:

Նախ մի փոքր պատմական ակնարկ: 1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով.

ա) ստանձնել Հայաստանի մանդատը,
բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի
սահմանը: