Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձ. Սասունցի Դավիթն անպարտ է կամ

Նորից Հայաստանում օտարալեզու դպրոցների մասին

Վերջին շրջանում հասարակության բուռն քննարկման առարկա է դարձել Լեզվի մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները: Բնական է և լավ է, որ հասարակությունը միակարծիք չէ: Սա նշանակում է՝ մենք աստիճանաբար հաղթահարում ենք ոչ վաղ անցյալի ժառանգությունը: Սակայն ցավալին այն է, որ օրենքի փոփոխությունների կողմնակիցները ոչ թե հիմնավոր առարկություններ են բերում իրենց ընդդիմախոսների քաղաքական, իրավական, տնտեսական, հոգեբանական, մշակութային փաստարկների դեմ, այլ պարզապես նենգափոխում են հարցի բուն էությունը և փորձ են անում հարցը ներկայացնել իբր այլատյացության դրսևորում և ինքնամեկուսացման ջատագովություն:

Նախ իմ նկատառումները հայտնեմ քննարկումների ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերյալ, ապա կանդրադառնամ անձամբ իմ հասցեին հնչած մեղադրանքներին, հատկապես Новое времяյում Отдел политики-ի կողմից 2010թ. մայիսի 22-ին տպագրված «Язык твой - враг мой?» հոդվածին:

Օտարալեզու հանրակրթության կողմնակիցների հիմնական կռվանն այն է, որ դա կնպաստի Հայաստանի մրցունակության աճին ժամանակակից աշխարհում, կնպաստի մեր երկրի տնտեսական զարգացմանը: Միանգամայն անհիմն պնդումներ: Անդրսահարյան Աֆրիկայի երկրների մեծ մասում կրթության լեզուն՝ առաջին դասարանից մինչև համալսարան ու Ph.D., անգլերենն է կամ ֆրանսերենը: Ֆինլանդիայում, Ճապոնիայում և Նիդեռլանդներում համապատասխանաբար՝ ֆիններենը, ճապոներենն ու հոլանդերենը: Հիմա ազնվորեն ասացեք, ո՞ր երկրներն են ավելի մրցունակ և զարգացած: Ուրեմն խնդիրն ուսուցման լեզուն չէ, այլ կրթության բնույթն ու որակը: Ուրեմն, շեշտը պիտի դրվի ընդհանուր կրթական համակարգի բարելավման, մասնավորապես օտար լեզուների ուսուցման արդիականացման վրա: Ես հասկանում եմ, որ դա մեծ միջոցներ է պահանջում: Սակայն, եթե մենք կարող ենք 500 մլն դոլար պարտք վերցնել անավարտ շինարարություններն ավարտելու համար, ինչո՞ւ նույնը չենք կարող անել անկատար կրթական համակարգն արմատապես բարեփոխելու համար: Ի վերջո, կրթության ոլորտում ցանկացած ներդրում ապագայում կհատուցվի տասնապատիկ: