Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսուհանդերձ, պետք է շեշտել, որ մինչևիսկ լավագույն կրթական համակարգը չի կարող նպաստել երկրի զարգացմանը, քանի դեռ աշխատանքի շուկայում չկա գիտելիքի ազատ ու արդար մրցակցություն: Ո՞վ կարող է հայաստանցի երեք մեծահարուստի կամ երեք մեծապաշտոնի անուն տալ, որոնք հաջողության են հասել իրենց խելքի ու գիտելիքի շնորհիվ:

Օտարալեզու հանրակրթության կողմնակիցների մյուս կռվանն այն է, որ լեզվի ընտրությունը մարդու իրավունքների հարց է և ծնողն իրավունք պիտի ունենա ինքը որոշելու, թե ո՞ր լեզվով պիտի ուսուցում ստանա իր զավակը: Նախ, կուզեի իմանալ այդ ո՞ր օրվանից եք այդքան մտածում մարդու իրավունքների մասին: Հետո, մարդու իրավունքները Կանադայից ավելի հարգողը չլինենք: Կանադայում, ինչպես գիտեք, կա երկու պետական լեզու՝ անգլերեն և ֆրանսերեն: Սակայն ծնողները մինչևիսկ ազատ չեն երկու հավասարազոր պետական լեզուների միջև ընտրություն կատարելու հարցում: Օրինակ, 1974թ. Քեբեկում ընդունված Պետական լեզվի ակտով բոլորը պարտավոր են իրենց երեխաներին տանել ֆրանսալեզու դպրոց: Բացառություն է արված միայն հինգը խմբերի՝ հիմնականում բնիկ անգլալեզուների և օտարահպատակների համար: Չխորանալով իրավական նրբությունների մեջ՝ ասեմ, որ եթե քեբեքցի եք և ապրում եք Քեբեքում (մեր պարագայում հայ եք և ապրում եք Հայաստանում), չեք կարող ձեր երեխային տալ անգլալեզու դպրոց: Որևէ հիմնավորում, որ անգլիական կրթությունը ձեր երեխային ավելի մրցունակ կդարձնի Միացյալ Նահանգներում կամ Կանադայում աշխատանք գտնելու հարցում, չի անցնում: Քեբեքում հանրակրթական դպրոցն ընկալվում է որպես ֆրանսախոս ինքնության պահպանման հիմնասյուն և ոչ թե աշխատանքի տեղավորման գրասենյակ: Մասնագիտական գիտելիքի համար կան համալսարաններ:

Հիմա անցնենք Новое время-ի վերոհիշյալ հոդվածին: Отдел политики-ն իմ կողմից այն փաստի վկայակոչումը, որ Եռաբլուրում թաղվածների անհամամասնորեն մեծ մասն ունի հայկական կրթություն, համարել է “oчень бестактно”: Հիմա զարմանալու հերթն իմն է. Իմ արտահայտած միտքը պարզապես առկա իրողության բարձրաձայնում է: Արդյո՞ք դուք կնեղվեք այն մտքից, եթե մեկն ասի, որ ցերեկը լույս է, իսկ գիշերը՝ մութ: Դա փաստ է, իսկ փաստից չեն նեղվում: Փաստերը կարելի է միայն հերքել: Եթե իմ ասածի նման Եռաբլուրից 100 պատահական անուն վերցնեք և փաստեք իմ ասածի