Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հակառակը, ես պատրաստ կլինեմ հենց ձեր թերթում ներողություն խնդրել: Մինչ այդ ես պնդում եմ իմ ասածը: Թվերը չեն խաբում:

Նվիրվածությունը սեփական երկրին և ժողովրդին ոչ միայն և ոչ այնքան գիտակցված վարքագիծ է, որքան ենթագիտակցական ընտրություն, որը խարսխված է լեզվամշակութային ընկալումների վրա: Այսուհանդերձ, ես երբեք չեմ պնդել և չեմ պնդում, որ առանձին անհատներ, առանց մայրենի լեզվի կամ հայրենի մշակույթի իմացության կամ խորը իմացության չեն կարող իրագործել հայրենանվեր գործեր: Ես, մամուլում հիշատակված Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադևոսյան), Քրիստափոր Իվանյանի և Մոնթե Մելքոնյանի անուններին, կուզեի ավելացնել առնվազն 2 անուն՝ Նորատ Տեր-Գրիգորյանցի և Անատոլի Զինևիչի անունները: Երկու մեծ զինվորական անհատականություն, զուտ ռուսախոս, որոնց անուններն այսօր քիչ են հիշվում, սակայն որոնց դերն անուրանալի է հայոց հայրենիքի արևելյան հատվածի մի մասի ազատագրման գործում: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր զոհվածների հիշատակի և բոլոր ողջերի առջև: Սակայն ակնհայտ է, որ հենց այս անունների առանձնանշումը ցույց է տալիս, որ նրանք բացառություններ են, որ հաստատում են լեզվամշակութային կապի անհրաժեշտությունը: 1989թ., ԽՍՀՄ զինված ուժերում ավելի քան 6 հազար հայազգի սպա էր ծառայում, ճնշող մեծամասնությունը՝ զուտ ռուսախոս: Քանի՞սն եկան իրենց մասնագիտությունն ի սպաս դնելու սեփական հայրենիքին: Չե՞ք կարծում, որ եթե նրանք լեզվամշակութային ընկալումներով ավելի կապված լինեին սեփական հայրենիքին, ավելի մեծ թվով կգային: Չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ում ապրող ավելի քան 1 միլիոն հայությունից, որոնց զգալի մասն այսօր կորցրել է իր հայախոսությունը, շատ ավելի մեծ թվով հայեր անմիջական մասնակցությունը կբերեին մեր հայրենիքի ազատագրմանը, եթե հայախոս լինեին: Համեմատեք, նշյալ փաստերը տասն անգամ ավելի փոքրաթիվ Լիբանանի կամ Իրանի հայախոս համայնքների հետ և ասածները լրացուցիչ փաստերի կարիք չեն ունենա: Նույն Միացյալ Նահանգների համար նշեմ, որ երբ ԱՄՆ մտավ Առաջին աշխարհամարտի մեջ (1917թ.), այդ ժամանակվա փոքրաթիվ ամերիկահայ համայնքից իրենց հայրենիքի ազատագրմանը որպես կամավորներ անդամագրվեցին հազարավոր ամերիկահայեր: Չե՞ք կարծում, որ դա պայմանավորված էր նրանց հայախոսությամբ: Կրկնում եմ, բացառություններ միշտ կան և կլինեն, սակայն մեծ պատկերը հստակ է՝ լեզվամտածողությունը զգալապես պայմանավորում է ազգային վարքագիծը: