Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ այլ հանգամանք: Հոդվածագիրը հարց է տալիս. ես ի՞նչ լեզվով եմ կարդացել Լյուդվիգ Վիտգենշտեյնի աշխատությունները: Ասեմ՝ ռուսերեն: Եթե ես՝ հայկական դպրոցի շրջանավարտս, ի վիճակի եմ եղել ռուսերեն կարդալ փիլիսոփայական աշխատություններ, ապա դա ինչո՞ւ չեն կարող անել ուրիշները: Եթե իմ հայախոս ընկերները և ես ի վիճակի էինք ԽՍՀՄ միութենական ուսանողա-գիտական մրցույթներում մրցանակներ շահել լեզվաբանության, փիլիսոփայության, քաղաքագիտության և պատմության ոլորտներում, ինչո՞ւ հիմա դա չեն կարող անել ուրիշները, երբ լեզու սովորելու հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են: Նորից եկանք նրան, որ դպրոցական կրթության լեզուն կապ չունի, կապ ունի կրթության որակը և դպրոցներում լեզուների դասավանդման մակարդակը: Եթե լեզուների դասավանդումը չի բարելավվում հանրակրթական դպրոցներում, ուրեմն չկա դրա հասարակական պահանջը: Իսկ չկա, քանի որ գիտությանը մեր երկրում տրված է պետական վարչակազմի աղախնի կարգավիճակը: Ի դեպ, քանի որ խոսքը գնաց իմ մասին բերեմ մի օրինակ ևս: Երբ ես ընդունվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, ոչ մի բառ չգիտեի պարսկերեն: Սակայն 3 տարի անց արդեն աշխատում էի որպես ռուսերենիցպարսկերեն և պարսկերենից-ռուսերեն թարգմանիչ: Ուզում եմ շեշտել, որ ես բացառություն չէի, ինձանից ավելի լավ լեզու իմացողներ էլ կային: Այսինքն, ճիշտ դասավանդման և ցանկության դեպքում միայն համալսարանական տարիներն էլ բավարար են օտար լեզուներ սովորելու համար:

Եվս մի հանգամանք և առայժմ սրանով սահմանափակվենք: Ես երբեք դեմ չեմ եղել և չեմ օտար լեզուների ուսուցմանը Հայաստանում, ես դեմ եմ օտար լեզվով ուսուցմանը Հայաստանում՝ հանրակրթական դպրոցում և հայաստանցի հարկատուների հաշվին: Սա է եղել իմ մշտական դիրքորոշումը: Ես լավ հիշում եմ մեր բոլորիս ոգևորությունը 1980-ականներին, երբ բացվեց պարսկերենի ուսուցման առաջին դպրոցը Հայաստանում: Ես կողմ եմ եղել և կողմ եմ մինչևիսկ թուրքերենի ուսուցմանը մի քանի դպրոցում, քանի որ կա դրա քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային անհրաժեշտությունը:

Ես ավարտել եմ Երևանի թիվ 114 հայկական դպրոցը (ներկայումս՝ Խաչիկ Դաշտենցի անվան): Բացի հայերենից մենք անցնում էինք 2 օտար լեզու՝ ռուսերեն և անգլերեն: Ամեն օր ունեինք մեկական դասաժամ անգլերեն, իսկ որոշակի տարիքից հետո, յուրաքանչյուր