Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁԱ. Ինքնորոշում և, այսպես կոչված,

«տարածքային ամբողջականություն» սկզբունքները

հանրային միջազգային իրավունքի մեջ

/Լեռնային Ղարաբաղի օրինակը/

Մենք չենք պատրաստվում սակարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ, 1 հունիսի, 2010թ.
Ժողովուրդն է տարածքի բախտը որոշողը և ոչ թե տարածքը՝ ժողովրդի:
Հարդի Դիլարդ (Hardy Dillard), Միջազգային արդարության
դատարանի դատավոր, 16 հոկտեմբերի, 1975թ.

«Ինքնորոշում» և «տարածքային ամբողջականություն» հասկացությունները հաճախ են գործածվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ: Ցավոք, այս իրավական եզրերը, հիմնականում քաղաքական դրդապատճառներով, հաճախ սխալ են գործածվում: Հիշյալ հասկացությունների սխալ գործածության օրինակներից է դեսպանացու Մեթյու Բրայզայի հետևյալ պնդումը. «Կա պետությունների տարածքային ամբողջականության իրավական սկզբունք, և կա ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունք»: (There's a legal principle of territorial integrity of states, there's a political principle of selfdetermination of peoples.) Իրականության մեջ ճիշտ հակառակն է: Կա ինքնորոշման իրավական սկզբունք, և չկա «տարածքային ամբողջականության» սկզբունք: ՄԱԿ-ի Կանոնակարգի 2-րդ հոդվածի 4-րդ կետը հռչակում է միմիայն հետևյալը. «[ՄԱԿ-ի] բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միավորված ազգերի նպատակների հետ»: Այս հիմնադրույթը ոչ մի ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության» բացարձակության, այսինքն՝ պետության տարածքի անձեռնմխելիության հետ: Ըստ ԱՄՆ արտաքին հարաբերությունների օրենքի հեղինակավոր մեկնաբանության, այն պարզապես դրույթ է ներխուժման դեմ՝ «ուժի գործադրման արգելք» (prohibition of use of force), և սոսկ կոչ է անում ձեռնպահ մնալ «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետություն գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց»:

Արդի ժամանակաշրջանի միջազգային իրավունքում «ինքնորոշման» և, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» սկզբունքների