Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարգավիճակը, ընդգրկումն ու բովանդակությունը լիարժեք հասկանալու համար հարկ է առավել հանգամանալից անդրադառնալ այդ հարցերին:

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ

Ինքնորոշման պատմական հենքը

Ինքնորոշումը հնուց եկող քաղաքական իրավունք է, որը մշտապես արժևորվել է բոլորի կողմից: «Ինքնորոշում» (self-determination, самоопределение) բառը բխում է գերմաներեն “selbstbestimmungsrecht” բառից, որը հաճախ էր գործածվում գերմանացի արմատական փիլիսոփաների կողմից XIX դ. կեսերին: Ինքնորոշման հայեցակարգի քաղաքական ծագումը գալիս է ԱՄՆ անկախության հռչակագրից (04.07.1776թ.): Զուր չէ, որ Ամերիկյան հեղափոխությունը համարվում է «ինքնորոշման բացառիկ օրինակ»: Ինքնորոշման սկզբունքը հետագա քաղաքական զարգացման ենթարկվեց Ֆրանսիական հեղափոխության առաջնորդների կողմից: XIX դարում և XX-ի դարասկզբին ինքնորոշման սկզբունքն ազգայնական շարժումների կողմից մեկնաբանվում էր որպես յուրաքանչյուր ազգի համար սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունք, և միայն ազգային առումով միատարր պետություններն էին համարվում օրինական: Առաջին աշխարհամարտի տարիներին ԱՄՆ նախագահ Վիլսոնը հանդես եկավ ինքնորոշման ջատագովությամբ, որն էլ իր հստակ սահմանումը գտավ նրա «Տասնչորս կետեր» (08.01.1918թ.) ծրագրային փաստաթղթի մեջ և, ըստ այդմ, քննության առարկա դարձավ Ազգերի լիգայի սկզբնական օրերին: Ազգերի լիգայի կողմից ստեղծված մանդատային համակարգն, ըստ էության, փոխզիջումային միջանկյալ իրավիճակ էր ուղղակի գաղութատիրության և ինքնորոշման իրավունքի միջև:

Թեև ինքնորոշումը որպես քաղաքական իրավունք ու սկզբունք ունի երկարատև պատմություն, այնուամենայնիվ ինքնորոշումը որպես միջազգային իրավունքի սկզբունք համեմատաբար նոր ծագում ունի: Քանզի ներկայումս միջազգային իրավունքի դասագրումը (կոդիֆիկացիան) հիմնականում իրականացվում է դիվանագիտական համաժողովների, երբեմն ՄԱԿ-ի վեհաժողովի կամ նմանատիպ համաժողովների միջոցով՝ նախապես Միջազգային իրավունքի հանձնաժողովի կամ այլ փորձագիտական մարմնի կողմից ներկայացված նախագծի հիման վրա, ապա առաջին հերթին պետք է քննության առնել խնդրո առարկա հասկացությունների զարգացման ընթացքը միջազգային փաստաթղթերի միջոցով: Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ