Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինքնորոշման կարգավիճակը, ընդգրկումը և բովանդակությունը ժամանակակից միջազգային իրավունքի մեջ

Ըստ Միավորված ազգերի փաստաթղթերի, ինչպես նաև իրավագետ հեղինակների մեծ մասի կարծիքի, ինքնորոշումը արդի միջազգային իրավունքի մաս է: 1945թ. ի վեր ՄԱԿ-ում տեղի ունեցած զարգացումների շնորհիվ, իրավագետները ներկայումս մեծ մասամբ ընդունում են, որ ինքնորոշումն իրավական սկզբունք է: Սույն սկզբունքը հաստատվել, զարգացել և ավելի շոշափելի կերպավորում է ստացել պետությունների պրակտիկայի ամբողջության մեջ և ի շարս «միջազգային իրավունքի հինարար սկզբունքների» տեղ է գտել Բարեկամական հարաբերությունների բանաձևերի (Friendly Relations Resolutions) մեջ: Ինքնորոշման սկզբունքի ընհանրականությունը և քաղաքական բովանդակությունը չի զրկում նրան իր իրավական էությունից: Ավելին, որևէ կասկած չունենալով, որ ինքնորոշման սկզբունքն իրավական սկզբունք է, ներկայումս շատ իրավագետներ ինքնորոշումը համարում են jus cogens, այսինքն՝ միջազգային իրավունքի անբեկանելի նորմ: Հետևաբար, որևէ շեղում ինքնորոշման իրավունքից ընդունելի չէ ոչ պայմանագրերի և ոչ էլ միջազգային այլ գործարքների միջոցով:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ինքնորոշման իրավունքն իրավունք է ընտրելու քաղաքական կազմակերպվածությունը և փոխհարաբերությունն այլ խմբերի հետ: Ընտրությունը կարող է լինել ինչպես պետական անկախության, դաշնային պետության մեջ այլ խմբերի հետ գոյակցության կամ ինքնավարության, այնպես էլ միակազմ պետության մեջ լիակատար տարրալուծման տեսքով: Երբ որևէ իրավիճակում ի հայտ է գալիս ինքնորոշման խնդիր, ապա ներպետական օրենսդրության վկայակոչումով հնարավոր չէ այն մերժել: Միջազգային ավանդութային իրավունքը, պետությունների դիրքորոշումներից անկախ, պարտադիր է բոլոր պետությունների համար: Անկախ սրանից, պետությունները ՄԱԿ-ի կանոնակարգին մաս կազմելով, ինքնորոշման սկզբունքը պարտադիր են դարձրել իրենց համար: Որոշ պետությունների պնդումները, որ ինքնորոշման սկզբունքի կենսագործումը խախտում է իրենց իրավունքները կամ հակոտնյա է իրենց «սահմանադրական գործընթացներին» չի կարող պատրվակ հանդիսանալ ուրիշ ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից զրկելու համար: Ներկայումս ինքնորոշումը որպես սկզբունք համընդանուր ընդգրկման է: Այն նաև անվերապահ է,