Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամքը: Եթե այդ մարմնի ընտրություններն ու այդ մարմնի մեջ քվեարկությունը կայացել են ժողովրդավարական եղանակով, ապա ժողովրդի կամարտահայտման այս ձևը միանգամայն օրինական է: Սա հենց այն վիճակն է, որ մենք վերջերս (23.05.2010թ.) ունեցել ենք ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ժողովրդի կամքը կարող է նաև արտահայտվել զանգվածային բողոքի միջոցով՝ քաղաքացիական անհնազանդություն, ցույցեր, հավաքներ, լրագրային հոդվածներ և այլն: Ի վերջո այն կարող է նաև իր դրսևորումը ստանալ զինված պայքարի և ազգային-ազատագրական պատերազմի ձևով: Վերջինս դրսևորման ծայրահեղ միջոց է և մարդիկ դրան միայն հարկադրաբար են դիմում: Ըստ վերջին տարիներին միջազգային իրավունքի մեջ կայացած ավանդույթի, ինքնորոշման սկզբունքը ներառում է նաև անկախության իրավունք: Նույն հիմքով օրինականացվել է երրորդ կողմի միջամտությունը ազգային-ազատագրական պատերազմին՝ հօգուտ անջատողական շարժման: Ինքնորոշման հասնելու համար ուժի գործադրումը և ազգային-ազատագրական շարժումներին օժանդակելը վերջին տարիներին սկսել է հարաճուն կերպով համարվել օրինական: Դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ այդ ձևով խրախուսվում է ՄԱԿ-ի կանոնակարգի սկզբունքների իրագործումը:

Միջազգային իրավունքի մեջ չկա անջատողականությունն արգելող որևէ օրենք, իսկ ՄԱԿ-ի կանոնակարգը հստակորեն հանդես է գալիս ինքնորոշմանը պաշտպանությամբ: Ինքնորոշումը կարող է ընթանալ ոչ ժողովրդական կառավարությունը տապալել ձգտող ապստամբության, հակագաղութային ապստամբության, անջատողական շարժման և անկախ երկիր ստեղծելու ճանապարհով: Պետք է հատկապես շեշտել, որ ցանկացած ճանապարհի ընտրության դեպքում ոչ մի «կենտրոնական իշխանություն» կամ ուրիշ ժողովուրդ չի կարող լուծել ինքնորոշվող ժողովրդի խնդիրը, քանի որ դա դեմ կլինի բուն ինքնորոշման սկզբունքին:

Ինքնորոշման ընդգրկման հարցը քննելիս անհրաժեշտ է պատասխանել մի կարևոր հարցի. Արդյո՞ք ժողովուրդները և ազգերը, որոնք արդեն իրագործել են իրենց ինքնորոշման իրավունքը, շարունակում են պահպանել ինքնորոշման իրավունքը: Պատասխանն է՝ այո, քանի որ ՄԱԿ-ի կանոնակարգը ճանաչում է բոլոր ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը, առանց խտրականություն դնելու պետականություն ունեցող կամ չունեցողների միջև: