Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարցը նույնպիսի պատասխան է ստացել նաև ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձևի մեջ, որը վերաբերում է Մարդու իրավունքների դաշնաթղթերի մեջ մարդու իրավունքներին վերաբերող դրույթի ընդգրկման հարցին: Անվիճելի է նաև, որ դրսի միջամտությամբ և առանց բնակչության հստակ համաձայնության պետությունների միջև բաժանված ազգերը շարունակում են պահպանել ինքնորոշման ժառանգված իրավունքը՝ ներառյալ վերամիավորման իրավունքը:

Ավելին, ինքնորոշման իրավունքի խախտումը որպես պատճառ է օգտագործվել Եվրոպական համայնքի կողմից՝ մերժելու համար անկախության ձգտող միավորին որպես պետություն ճանաչելը: Եվրոպական համայնքի Արևելյան Եվրոպայի և Սովետական Միության տարածքի նոր պետությունների ճանաչման մասին ուղենիշների հռչակագրի մեջ (EC Declaration on the Guidelines on the Recognition of New States in Eastern Europe and in the Soviet Union) (16 դեկտեմբերի, 1991թ.) հետևյալ պահանջը կա. ճանաչվելիք պետությունները մինչև ճանաչվելը և ճանաչվելու համար ժողովրդավարության և էթնիկ ու ազգային խմբերի ու փոքրամասնությունների իրավունքների հարգման սահմանադրական երաշխիքներ պիտի տրամադրեն: Ավելին, միջազգային իրավունքի նոր հիմնադրույթը հռչակում է, որ այն պետությունը, որը հիմնվել է ինքնորոշման իրավունքի ոտնահարումով առ ոչինչ է միջազգային իրավունքի մեջ:

Ժողովուրդների ինքնորոշման առնչությամբ կա մի հարց ևս. Արդյո՞ք ինքնորոշման իրավունքը կարող է վերաբերել ոչ գաղութային միավորներին: Անշուշտ, ինքնորոշման իրավունքի հիմնական նպատակը գաղութատիրությանը հնարավորինս արագ վերջ տալն էր: Այսուհանդերձ, սկսած ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ այդ սկզբունքի դասագրումից (codification), չկա ինքնորոշմանը վերաբերող որևէ միջազգային փաստաթուղթ, որն ինքնորոշման իրավունքը սահմանափակի միայն գաղութային երկրներով: Օրինակ, արդեն բազմիցս հիշատակված Մարդու իրավունքներին վերաբերող 1966թ. զույգ դաշնաթղթերի ընդհանուր#1 հոդվածը ինքնորոշման իրավունքը վերապահում է «բոլոր ժողովուրդներին» առանց սահմանափակումների: Հելսինկիի վեհաժողովի եզրափակիչ ակտի (1975թ.) ութերորդ սկզբունքը հռչակում է. «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդների իրավունքն է՝ լիովին ազատ, ցանկացած պահի, առանց արտաքին միջամտության, որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը, և ըստ