Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրենց հայեցողության հետամտել իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացումը»: Միջպետական պրակտիկան նույնպես աջակցում է ինքնորոշման իրավունքի ընդլայնված՝ գաղութային շրջանակից դուրս, գործադրումը: Իսկապես, Իրավագետների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) Բանգլադեշի անջատման մասին իր զեկույցի մեջ նշում է. «եթե պետության մաս հանդիսացող ժողովուրդներից մեկը զրկվում է իրավահավասարությունից և խտրականության է ենթարկվում, ապա նրա ինքնորոշման ամբողջական իրավունքը կյանքի է կոչվում»:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 անդամներից 4-ի կողմից ստորագրված Գերմանիայի վերջնական կարգավիճակի մասին պայմանագիրը (Treaty on the Final Settlement with Respect to Germany), (12.09.1990թ.) հստակորեն նշում է. «Գերմանացի ժողովուրդը, ազատորեն կենսագործելով ինքնորոշման իր իրավունքը, արտահայտել է իր կամքը՝ միավորել Գերմանիան որպես մեկ պետություն», [նախաբան, պարբ. 11]: Սա այն դեպքում, երբ ոչ Արևելյան և ոչ Արևմտյան Գերմանիաները գաղութ չէին: Այս դիտարկումը նաև վերաբերում է այն պետություններին, որոնք առաջացել են ԽՍՀՄ և Հարավսլավիայի տրոհումներից հետո:

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

«Տարածքային ամբողջականություն». զարգացումը և բովանդականությունը

«Տարածքային ամբողջականություն» հասկացությունը, խիստ սահմանափակ ըմբռնմամբ, միջազգային փաստաթղթերում գործածվել է միայն 3 անգամ: Մնացած դեպքերում դրանք հղումներ են այդ փաստաթղթերին: Տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հայեցակարգերը ի հայտ են եկել Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո: Ազգերի լիգայի 10-րդ հոդվածը հռչակում է. «Ազգերի լիգայի անդամները պարտավորվում են հարգել և պահպանել Ազգերի լիգայի բոլոր անդամների տարածքային ամբողջականությունն արտաքին ներխուժումից»: «Տարածքային ամբողջականության» նույն ըմբռնումն է վերահաստատված ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ. 2(4). «[ՄԱԿ-ի] Բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ գործադրումից»: Մյուս կարևոր միջազ-