Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծածվել վերահաստատելու համար մարդու իրավունքների և ժողովրդավարության միջազգային ստանդարտները»: Ինչպես վկայում է դատավոր Վիլդհաբերը, իրավագետ մասնագետների մեջ կա հարաճուն համաձայնություն առ այն, որ ինքնորոշումն է այն միջոցը, որով պետք է շտկվի պետության կողմից որևէ խմբի շարունակաբար և կոպտորեն ոտնահարվող իրավունքը: Անկասկած Արցախի ժողովրդի ինքնորոշումը պետք է գնահատվի նաև որպես ուղղիչ արդարադատություն (corrective justice):

Այսու, փոքրամասնության ինքնորոշման իրավունքը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Ըստ այդմ, կարելի է սահմանել, որ ինքնորոշումը որոշակի տարածքում հաստատված ժողովրդի սեփական քաղաքական ճակատագիրը ժողովրդավարական ճանապարհով որոշելու իրավունքն է:

Անհեթեթություն է ենթադրել, որ ինքնորոշումը պետք է կենսագործվի նախկին վարչական սահմաններում, առանց հաշվի առնելու տարածքի ժողովրդի մշակութային, լեզվական կամ էթնիկ ինքնությունը: ԽՍՀՄ-ի մեջ ներքին սահմանները հաճախ գծվում էին այն ձևով, երբ տիտղոսային մի ազգի շատ ներկայացուցիչներ հայտնվում էին իրենց տիտղոսային հանրապետությունից դուրս, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում էր: Եթե որոշակի տարածքում որևէ առանձնախումբ քաղաքականապես իրավազուրկ է, ապա այդ խումբն ունի անկախության իրավունք, անկախ այն բանից կազմակերպված են նրանք որևէ վարչական միավորի մեջ, թե՝ ոչ: Անտարակույս, քանի որ Արցախի ժողովուրդը (և ոչ միայն ԼՂԻՄ-ի ժողովուրդը) Ադրբեջանում ենթարկվել են ծայրահեղ խտրականության, ապա իրավունք ունի ինքն ընտրելու ինքնորոշման ձևը:

Ամփոփում

  • Ինքնորոշումը հնուց եկող քաղաքական իրավունք է: Այն միջազգային հանրային իրավունքում լիովին հաստատված սկզբունք է: Այս սկզբունքը հաստատվել, զարգացել և շոշափելի ձև է ստացել միջպետական հարաբերություններում և ներառված է բազում միջազգային փաստաթղթերում:
  • Ինքնորոշման սկզբունքը զարգացում է ապրել Արդարության միջազգային դատարանի վճիռներում [International Court of Justice]:
  • Ինքնորոշման նկատմամբ հարգանքը նախապայման է համաշխարհային խաղաղության համար: Ինքնորոշման իրավունքից զրկվածները կարող են դիմել միջազգային ուժային աջակցության: