Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁԳ. Արցախում պատերազմի հնարավորության մասին

Ես համաձայն եմ բազմիցս արտահայտված այն տեսակետին, որ Արցախի հարցում Իլհամ Ալիևի քաղաքականությունն առավելապես պայմանավորված է ներքին գործոններով: Իլհամը, ինչպես իր հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թվին, որոնց համար միակ սրբությունն իշխանությունն է՝ այդ կարգավիճակից ածանցվող հսկայական գումարներ գրպանելու հնարավորությամբ: Հետևաբար, այդ տեսանկյունից էլ պետք է քննենք Արցախի ճակատում Ալիևի կողմից պատերազմ սանձազերծելու հնարավորությունը:


Ամեն պատերազմ լուրջ և անկանխատեսելի հետևանքներ է պարունակում ցանկացած իշխանության համար: Ալիևը, կարծում եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխությունները միշտ էլ տեղի են ունեցել Արցախում կրած ռազմական պարտությունների պատճառով: Արդյո՞ք ներկայումս Իլհամն ունի պատերազմում հայկական կողմին ջախջախիչ պարտության մատնելու երաշխիք: Համոզված եմ` ո՛չ: Ավելին, հավանականությունը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ կունենա, շատ ավելի մեծ է:


Փորձենք նաև հասկանալ՝ ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի ճակատում ենթադրյալ հաղթանակի դեպքում: Եթե մինչևիսկ պատկերացնենք անհնարինը՝ ասենք ադրբեջանական զինուժին հաջողվի ոչնչացնել հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնվող բանակի դեպքում) և տեղահանել արցախաբնակ ողջ հայությանը (իրողություն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջև է, այլև ժողովուրդների), ի՞նչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը: Ի լրումն տասնյակ հազարավոր նոր զոհերին, Ադրբեջանը հայտնվելու է տնտեսական բացարձակ կործանման եզրին: Ադրբեջանը որպես պետություն այսօր գոյատևում է զուտ նավթի և գազի արտահանման շնորհիվ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը զինվում է և պարբերաբար հոխորտում է Արցախի և Հայաստանի դեմ: Այսինքն, նավթահանքերը, նավթամուղերը, գազատարները և նման այլ ենթակառույցները, ռազմական նշանակության օբյեկտներ են, հետևաբար՝ միանգամայն օրինական թիրախներ: Միթե՞ պարզ չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակույտեր կմնան: Պետք է նաև ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել համարժեք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսությունն իր բոլոր թերություններով հան