Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁԵ. Ի՞նչ օկուպացիայի մասին է խոսքը


Բաքվի թաթարները և նրանց տերերը՝ Ստամբուլի թուրքերը, պարբերաբար խոսում են Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանական Հանրապետության տարածքի մի մասի, իբր, ռազմակալման (բռնազավթման, occupation) մասին: Միանգամայն հիմնազուրկ պնդում: Նման պնդման համար հիմքեր են պետք: Հիմքերից մեկը խնդրո առարկա տարածքի միջազգային իրավունքով ամրագրված տիտղոսի առկայությունն է: Այսինքն, որպեսզի Ադրբեջանի տարածքի որևէ մաս համարվի որևէ մեկի կողմից ռազմակալված, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենա և վկայակոչի այն միջազգային փաստաթուղթը, որով, այսպես կոչված, ռազմակալված տարածքի վրա ճանաչված է եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը: Սա միջազգային իրավունքի հիմնարար դրույթ է, քանի որ միջազգային օրենքը հստակ է. ցանկացած տարածքի պատկանելությունը որևէ պետության պայմանավորված է միջազգային օրինական փաստաթղթով ամրագրված տիտղոսով և տվյալ տարածքի վրա հաստատված գերիշխանությամբ (sovereignty):

Համառոտակի անդրադառնանք վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքի տիտղոսին: Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով 1555թ.-ից Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա միջազգայնորեն ամրագրված է եղել Պարսկաստանի տիտղոսը: XIX դ. սկզբին Հարավային Կովկասի արևելյան հատվածն անցավ Ռուսաստանի կայսրությանը, ըստ այդմ, 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիտղոսն ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Անվիճելի է, որ 1813-1918թթ. Ղարաբաղի վրա (նկատի ունեմ և՛ Լեռնային, և՛ Դաշտային Ղարաբաղը) անվերապահորեն հաստատված է եղել Ռուսաստանի կայսրության տիտղոսն ու գերիշխանությունը: Բոլշևիկյան հեղաշրջման պատճառով (1917թ.) Ռուսաստանի կայսրության կործանման հետևանքով Հարավային Կովկասում թեև առաջացավ քաղաքական անհստակ վիճակ, միջազգային իրավունքի և տարածքի տիտղոսի տեսանկյունից մինչև 1920թ. հունվարը ամեն ինչ հստակ մնաց, քանի որ մինչև 1920թ. հունվարը միջազգային հանրությունը մերժել է ճանաչել հարավային Կովկասի 3 նորաստեղծ պետությունները, հետևաբար շարունակել ճանաչել Ռուսաստանի կայսրության տիտղոսը: Միայն 1920թ. հունվարից Փարիզի խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն