Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂԱ. Մեր իրավունքը չի կարող մեզ

որպես պարգև տրվել


Ցանկացած գործողություն ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործոններ: Ամենակարևոր գործոններից մեկը տվյալ գործողության շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկյունից ենք նայում Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերին նախատեսված պատարագի մատուցումը և հարակից աղմուկը, ակնհայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը և ողջ ձեռնարկը բնավ կապ չունեն աստծո փառաբանության հետ: Այն թուրքական հատուկ ծառայությունների կողմից հղացած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection):

Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնույթն ու իրավունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը: Իբր, աշխարհը կիմանա, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանա, արդեն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանա: Սակայն վստահեցնում եմ ձեզ՝ դա չի լինելու աշխարհի մեծագույն լրատվականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականության գովքն է լինելու: Թույլ մի տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամյակ հերիք է: Ինչո՞ւ եք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին:

Միանգամայն անընդունելի է այն տեսակետը, որ «այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մեկ անգամ պատարագն էլ բավարար է»: Նախ թող պատասխանեն՝ ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Հետո, խոսքը պատարագ մատուցելու մասին չէ, խոսքը իրավունքի՝ պատարագ մատուցելու իրավունքի մասին է: Գուցե հայերը 5 տարին մեկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցե տասը, այսուհանդերձ նրանք իրավունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցական կարգով նախատեսված պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրավունքը մեզ որպես պարգևական են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են,