Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տականության կենսապահովման նվազագույն պաշարից: Այսինքն, մեր պետականությանը հասցված վերքը հանգեցրել է պետության կենսունակության որակական անկման: Պետք է հստակ տարբերակել պարզապես տարածքային կորուստը կենսունակության կորստից: Օրինակ, Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթումը տարածքի և հարստության կորուստ է, սակայն որակի կորուստ չէ: Կիպրոսը, կորցնելով իր տարածքի 37%-ը, չի կորցրել աշխարհի հետ ազատորեն հաղորդակցվելու ունակությունը, ուստի պահպանել է զարգացման հնարավորությունը: Հայաստանի Հանրապետությունը, կորցնելով Կարսի մարզը (դեռ չեմ խոսում Վիլսոնի իրավարար վճռով ՀՀ-ին հատկացված տարածքների մասին), առնվազն կորցրել է աշխարհի հետ ազատորեն հարաբերվելու ունակությունը, սեփական մայրաքաղաքի պաշտպանունակությունը և Վրաստանի վրա համարժեք ազդեցության լծակը: Այս վիճակից ելքեր գտնելու համար պետք է սթափ նայել իրականությանը՝ ներկա սահմաններով, նման աշխարհաքաղաքական դիրքում և նման հարևանների առկայությամբ ՀՀ-ն ապագա չունի: Մեր պետականության մարմնին հասցված վերքերն անհամատեղելի են մեր պետության կյանքի հետ: Քանի դեռ այդ վերքերը չեն ապաքինվել, առավելագույնն ուշմիջնադարյան ռոմանտիզմ է հույս փայփայել, թե կարելի կլինի կառուցել ապահով և բարգավաճ երկիր: Եթե բանաստեղծ լինեի կգրեի. «Մեր ափերի մեջ դեռ մղկտում են մեխի տեղերը և մեր վերքերը դեռ շարունակում են արնահոսել»:

Այստեղ ուզում եմ անել մի հույժ կարևոր շեշտադրում՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և օրենքի գերակայությանն այլընտրանք չկա: Ավելին, ժամանակային առումով ես դրանք ամենաառաջնահերթն եմ համարում: Առանց դրանց ոչինչ հնարավոր չէ անել, ընդհանրապես ոչինչ: Մեր պետականության ինքնին գոյության համար ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը կենսականորեն անհրաժեշտ պայմաններ են: Սակայն բուն խնդիրն այն է, որ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Հայաստանին պետք է կենսունակության նվազագույն պաշար, այսինքն՝ այն, ինչ դարերով միջազգային հանրությունն անվանել է Հայկական հարցի լուծում: Ի վերջո ի՞նչ էր Հայկական հարցը. դա հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար նվազագույն կենսապայմանների ապահովում էր: Ներկա փուլում Հայկական հարցի լուծման դրսևորումը փոխվել է: Ներկայումս այն միջազգային իրավուն