Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂԵ. Հայոց իրավունքների ավետարանը կամ

Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ ու

ապահով ապագան կերտելու միակ հնարավորությունը

/Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 90-ամյակին ընդառաջ/

Հասել է պահը, երբ իր որդիների արյունով օծված Հայաստանը
հատուցում պահանջի իր պատմական ուղու ամբողջ ընթացքում կրած
տառապանքների ու փորձությունների դիմաց, դառնա իր սեփական
ճակատագրի տերը:
Նիկողայոս Ադոնց, 1919թ.

Բնաբանի այս խոսքերից գրեթե մեկ դար հետո, հայ ժողովրդի ճակատագրի նավը դեռևս խարիսխ չի նետել հատուցման նավահանգստում: Մեր բոլորի միասնական ջանքերի, դարավոր զոհողությունների ու տասնամյակների աննկուն պայքարի գնով մեր ճակատագրի նավը 90 տարի առաջ մի պահ մոտեցավ հատուցման եզերքին, մի պահ մեզ թվաց, թե հատուցման հանգրվանը հասանելի է, սակայն վերջին պահին քաղաքական քամիները կտրուկ փոխեցին իրենց ուղղությունը և մեզ կրկին նետեցին քեմալաբոլշևիկյան քիրվայության հորձանուտը:

Եվ առ այսօր մեր ճակատագրի նավը դեռևս դեգերում է քաղաքական խռովահույզ ծովի մեջ: Ծով, ուր շատ են տեսանելի ու անտես խութերը, ուր վխտում են ծովահենները, ուր մեր նավը դեգերում է աննպատակ, քանզի նավապետը մեր նավը երանելի հանգրվան ուղղելու փոխարեն, ավազակների հափշտակածը օրինականացնելու ճանապարհով փորձում է լեզու գտնել ծովահենների հետ: Միանգամայն սխալ և անհեռանկար գործ:

Ժողովուրդների կյանքում բախտորոշ ժամանակաշրջաններ կան, որ որոշում են տվյալ ժողովրդի հետագա ողջ ճակատագիրը: Հիմա մենք՝ հայերս, այդպիսի մի շրջանի մեջ ենք: Հայ-թուրքական զույգ տխրահռչակ արձանագրությունները խռովել են ողջ հայության հասարակական-քաղաքական կյանքը, ծայրահեղորեն սրել են ազգային կորստի հուշը և ամրապնդել դրանց դեմ համազգային ընդդիմություն ձևավորելու ձգտումը: Այսօր պայքարի վճռորոշ փուլի մեջ ենք, քանզի արձանագրություններն անընդունելի են, անընդունելի են մեր ժողովրդի գերագույն և մնայուն շահերի